Փաշինյանն ասել է՝ քանի քաղաքացի է հայտարարագրել, որ վարձով բնակարան է տալիս
2021-ի նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը շատ հավակնոտ ցուցանիշ է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող եմ ասել, որ 2023-ին մեզ հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ: 2022-ին տնտեսական աճը 12,6 տոկոս էր, իսկ 2021-ին 5,6 տոկոս էր: Ըստ էության, 2021-ի ցուցանիշների հաշվառումով, մենք միջինում կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, իհարկե, համապարփակ ցուցանիշ է եւ բոլոր ոլորտների վրա ունենում է ազդեցություն»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հարկային եկամուտներին՝ նշեց, որ 2023-ին ապահովել ենք 2 տրիլիոն 222 մլրդ բյուջետային եկամուտներ։
«2023-ին մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 մլրդ բյուջետային եկամուտներ: 2017-ի համեմատ այս ցուցանիշն ավել է 1 տրլն 64 մլրդ դրամով, այսինքն հարկային եկամուտների աճը կազմել է շուրջ 92 տոկոս: Այսինքն 2017-ի նկատմամբ մենք հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով:
Մենք ձեռք բերածով չպետք է բավարարվենք, քանի որ երկրում, ցավոք, կա ստվերային տնտեսություն եւ մեր մոտ նաեւ ստվերային տնտեսության մեջ պետք է նկատի ունենք այն դեպքերը, երբ մենք գործնականում դե ֆակտո հարկային վարչարարություն չենք իրականացնում: Այս տարի արդեն մենք ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության դեպքում մարդիկ հայտարարագրեն եւ հարկ վճարեն: Ես գիտեմ, որ արդեն 21 հազար քաղաքացիներ հայտարարագրել են, որ վարձով բնակարան են տալիս»,-նշեց նա:
ՊԵԿ նախագահ Բադասյանն էլ հավելեց, որ 15 300 քաղաքացի ներկայացրել են շուրջ 21 հազար հայտարարություն, այսինքն մեկ անձը կարող էր տարբեր վարձակալության հարաբերություն ունենալ: Նա նկատեց, որ նրանց 90 տոկոսից ավելին նախորդ տարիներին նման հայտարարություն չի ներկայացրել, այսինքն օրենքը գործել է: