
Հայաստանը հետևում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն վերապահում չունեն մեր հանդեպ․ վարչապետ

Հարաբերությունների այդպիսի ռեժիմ՝ միանալ, չմինալու մենք չունենք, բայց մյուս կողմից՝ մենք հաշվի ենք նստում առկա պատժամիջոցների հետ, որովհետև ոչ թե մեզ ճնշում են կամ մեզնից պահանջում, եթե մենք սանկցիաները չպահենք, չպահպանենք, դա կազդի մեր հարաբերությունների վրա այն երկրների հետ, որոնք այդ սանցիաները կիրառում են, իսկ այդ երկրների հետ հարաբերությունները կարևոր են: Այս մասին «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Արևմուտքը պարտադրում է Հայաստանին միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։
«Շատ ուրախ եմ, որ այդ հարցը տալիս եք, որովհետև, մասնավորապես, Եվրամիությունում ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, թե Հայաստանը պատժամիջոցները չի պահպանում, որ Հայաստանը պատժամիջոցների ռեժիմը խախտում է, բայց կարող եմ ասել, որ մենք այս ընթացքում, վերջին անգամ 2023 թվականին մի քանի անգամ պատվիրակություններ ենք ունեցել Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից, որոնց այցելության նպատակը հետևյալն է եղել, թե ինչքանով է Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ իր միջազգային հարաբերություններին և պարտավորություններին, ինչպես է հարաբերվում այդ սանկցիաների հետ: Եվ պետք է արձանագրենք, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր նկատմամբ որևէ վերապահում չեն ներկայացրել: Ընդհակառակը՝ պաշտոնապես արձանագրել են, որ սանկցիաների համատեքստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոչ մի վերապահում չունեն:
Բայց, ցավոք, քանի որ սրա մասին շատ չի խոսվում, մենք էլ այդ թեման, այսպես ասած, շատ չենք բարձրաձայնում, որովհետև դա աշխատանքային հարց է, Եվրամիության մի շարք երկրներում և նաև լրատվամիջոցներում թերևս Հայաստանի նկատմամբ գուցե որոշ շրջանակների մատուցած սխալ տեղեկությունների, հակաքարոզչություն և դեզինֆորմացիա տարածելու հիման վրա երբեմն հնչում են հայտարարություններ՝ մեղադրելու Հայաստանին: Բայց նորից եմ ասում՝ պաշտոնապես արձանագրվել է և՛ Եվրամիության, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որ Հայաստանին այս հարցում մեղադրելու որևէ հիմք չկա»,- ասել է Փաշինյանը: