Մանկական քաղցկեղի քանի նոր դեպք է տարեկան ախտորոշվում ՀՀ-ում

Հայաստանում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 նոր դեպք: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։


Այս պահին 800-ից ավելի երեխաներ հաշվառված են ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում: Վերջին տարիների ցուցանիշները փաստում են` մեր երկրում այս հիվանդությունն ունեցող երեխաների շուրջ 75 տոկոսը բուժվում են:


2018 թվականից Հայաստանում կատարվում է երեխաների ոսկրածուծի աուտոփոխպատվաստում: 2023 թվականին առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նաև ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում:


Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:


2023 թվականին մանկական և մեծահասակների օնկո-հեմատոլոգիական հիվանդություն ունեցող երեխաներին և դեռահասներին տրամադրվել է 40 անվանում դեղ, այդ թվում` ՀՀ-ում չգրանցված դեղեր: Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ` առողջապահության նախարարությունը կարողացել է ձեռք բերել ՀՀ-ում չգրանցված, կենսականորեն անհրաժեշտ դեղեր:


2023 թվականին դեղապահովումը, ըստ հաստատված ուղեցույցներում ընդգրկված դեղերի, կազմում է 95 տոկոս:

Քաղաքականություն