Ովքե՞ր կարող են ՀՀ–ում երթևեկել մգացված ապակիներով
Հայաստանում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին պատկանող մեքենաները կարող են երթևեկել մգացված ապակիներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ նկատել էինք, որ ՀՀ–ում գործող դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաները երթևեկում են սահմանված չափը ակնհայտ գերազանցող մգացված ապակիներով։ ՆԳՆ–ին հարցրել էինք` արդյոք որևէ արտոնություն տրվե՞լ է նրանց։
Գերատեսչությունից պատասխանել են, որ տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը սահմանված են «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով:
«Նույն կանոնակարգի ենթակետերից մեկի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային (միջպետական) կազմակերպություններին (որոնք միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին համապատասխան օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիությունից), ինչպես նաև այդ ներկայացուցչությունների (կազմակերպությունների) աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների վրա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ ՆԳՆ–ից տեղեկացրել են, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց ուղեկցող մեքենաներն այդպիսի արտոնություն չունեն։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում սահմանված չափը գերազանցող մգացված ապակիների համար տուգանելու որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից։ Թեև մգացված ապակիներով երթևեկելը շատ ավելի վաղուց էր արգելված ՀՀ օրենսդրությամբ, բայց տուգանքներ չէին կիրառվում, քանի որ ոստիկանությունը մգացվածության աստիճանը չափող սարքերով ապահովված չէր։
Ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափի համար հիմք է ընդունվել ԵԱՏՄ գործող ստանդարտը, այն է` տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի կողային ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Արմավիրի դպրոցի տնօրենը՝ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ․ Aravot
Երեկվանից համացանցում քննարկում են Արմավիրի մարզի թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական կազմի կազմակերպած գիրք նվիրելու ար...
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին մեղադրանք է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարու...
Ինչ խախտումներ են հայտնաբերվել «Ջուլիս» ռեստորանում. մանրամասնում է ՍԱՏՄ-ն
«Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «Ջուլիս» ռեստորանի (ք․ Երևան, Պուշկինի 39), արտադրական գործունեության կաս...