ՌԴ-ն ՀՀ-ին չի տրամադրել «Ջերմուկ»-ի հետ կապված լաբորատոր փորձաքննության որևէ հիմք․ ՍԱՏՄ ներկայացուցիչ․ Factor

Ռուսաստանը Հայաստանին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված խնդրի առնչությամբ։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։


«Հարցի հետ կապված ռուսական կողմը մեզ խնդրել է միջոցներ ձեռնարկել և իրենց տեղեկություն ներկայացնել «Ջերմուկ» հանքային ջրի արտահանողների մասին։ Այս ամենի հետ կապված, մենք, իհարկե, քայլեր կձեռնարկենք և կտեղեկացնենք»,- նշեց ՍԱՏՄ ներկայացուցիչը։ Օրերս ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել էր Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Համաձայն ռուսական կողմի՝ քաղաքացին այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ Հայկական կողմի պատասխանը շատ չուշացավ։ ՍԱՏՄ-ն հաղորդագրություն տարածեց՝ հակադարձելով ռուսական ծառայությանը եւ պնդելով, որ արտահանված յուրաքանչյուր խմբաքանակ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության պահանջներին: Բացի Ռուսաստանից «Ջերմուկ»-ն արտահանվում է նաև ԱՄՆ, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ և բազմաթիվ այլ երկրներ: Անուշ Հարությունյանի տեղեկացմամբ՝ «Ջերմուկ Գրուպ»-ում վերջին անգամ 2022 թվականին են ստուգումներ եղել, որևէ խախտում չի արձանագրվել։ Նա նշեց, որ վերջին հինգ-վեց տարիների ընթացքում «Ջերմուկ»-ի հետ կապված բողոք չեն ստացել։


«Այնպես չի, որ այդ արտադրվող խմբաքանակը միայն արտահանվում է: Արտադրության որոշ մասը մնում է այստեղ՝ մեր երկրում, և կարծես թե մեզ մոտ այդպիսի խնդիր չի արձանագրվել»,- հավելեց ՍԱՏՄ իրազեկման բաժնի պետը։ Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական կողմը հայտարարում է, որ հայկական այս կամ այն արտադրանքում խնդիրներ կան։ Նախորդ տարվա վերջին նման խնդիրներ առաջացան հայկական բանջարեղենի հետ․ Վերին Լարսից հայկական բեռնատարները վերադառնում էին, քանի որ Ռուսաստանը պնդում էր, թե ապրանքները ֆիտոսանիտարական պահանջներին չեն համապատասխանում։ Ավելի վաղ նաև կոնյակի և կաթնամթերքի հետ էին խնդիրներ առաջացել։ Արդյո՞ք այս ամենում քաղաքական ենթատեքստ չկա․ հայաստանյան տարբեր պաշտոնյաներ հավաստիացնում են, որ նման ենթատեքստ գոյություն չունի։ «Ջերմուկ» հանքային ջուրը Ռուսաստան է արտահանվում 2001 թվականից՝ աստիճանաբար ավելացնելով ծավալները 350.000 լիտրից հասցնելով մինչև 15.273.000 լիտր տարեկան։ Սննդամթերքի տեսչական մարմնից պնդում են, որ «Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում, իսկ օգտագործվող նյութերը համապատասխանում են միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար:


Նշված նյութերի ենթադրյալ մնացորդային պարունակությունը, ըստ դրանց տեխնիկական բնութագրերի, չի կարող առաջացնել կերակրափողի այրվածք: Իր հերթին հանքային ջուր արտադրողը՝ «Ջերմուկ գրուպ»-ը, բացառում է գործարանում լցված շշերում քացախաթթվի առկայությունը: ՍԱՏՄ-ից հետաքրքրվեցինք՝ արդյոք ստեղծված իրավիճակից հետո չեն պատրաստվում ստուգումներ սկսել «Ջերմուկում»։ Անուշ Հարությանյանն ընդգծեց, որ ՌԴ գերատեսչությունը լաբորատոր փորձաքննության որևէ հիմք չի տրամադրել ՍԱՏՄ-ին, որը նկատի ունենալով կարելի կլինի վերահսկողություն իրականացնել ընկերությունում: «Միայն խնդրել են տալ տեղեկություն արտահանման ծավալների և արտահանողների մասին: Վերահսկողություն իրականացնելու հիմք չկա, համենայնդեպս, դեռ չկա»,- նշեց նա։



Քաղաքականություն