Թրամփի շոկային հայտարարությունը․ հանրությանը կներկայացվի «շատ շուտով»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ G7-ի գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի հետ պատերազմի դադարեցման նախնական համաձայնագիրն արդեն ամբողջությամբ ստորագրված է։ Սպասվում է, որ գործարքի մանրամասները հանրությանը կներկայացվեն «շատ շուտով»։ Պաշտոնական փաստաթղթի ստորագրման արարողությունը նախատեսված է այս ուրբաթ Ժնևում, որի հետ միաժամանակ կվերաբացվի նաև Հորմուզի նեղուցը։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների փոխանցմամբ՝ արդեն այս շաբաթ կմեկնարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեխնիկական բանակցությունները։ Ընդ որում, Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացումը կամ սառեցված ակտիվների ապաշրջափակումը ուղղակիորեն կապված կլինեն Իրանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքից։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը CNN-ին տված հարցազրույցում պարզաբանել է, որ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ընդհանուր բնույթի է և զբաղեցնում է մոտ մեկուկես էջ։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը սահմանում է միայն հիմնական շրջանակը, ըստ որի՝ Իրանը պարտավորվում է ձգտել տարածաշրջանային խաղաղության, դադարեցնել ահաբեկչական կառույցների ֆինանսավորումը և տալ ստուգելի երաշխիքներ միջուկային զենք չստեղծելու վերաբերյալ։ Բազմաթիվ այլ մանրամասներ դեռևս պետք է հստակեցվեն առաջիկա տեխնիկական բանակցությունների փուլում։