Հայաստանի կառավարությունը զարգացնում է տեղահանվածների ինտեգրման ծրագրերը
Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստին այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի ընթացքում անդրադառնալով Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին ցուցաբերված աջակցությանը: Ըստ նրա՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր գործադիրի կողմից կյանքի կոչված ծրագրերը հնարավորություն են տվել ոչ միայն արդյունավետ կերպով կառավարել ճգնաժամը, այլև հուսալի նախադրյալներ են ստեղծել հրատապ օգնությունից սոցիալ-տնտեսական ինտեգրման անցումն ապահովելու համար:
«Եթե 2023-2024 թվականներին բյուջետային ծրագրերով ֆինանսավորվող աջակցության ձևաչափերում Կառավարության առաջնահերթությունը տեղահանվածների կեցության ծախսերի, այդ թվում՝ վարձավճարների փոխհատուցումն էր, ապա 2025-ին առաջնային է համարվել բնակարանային լուծումների, ինչպես նաև սեփական աշխատանքով արժանապատիվ բարեկեցությունը ամրացնող ծրագրերի իրականացումը»,- նշեց փոխվարչապետը: Խաչատրյանը հայտնեց նաև, որ 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման ծրագրով հավաստագիր է հատկացվել 6444 ընտանիքի, որոնցում ներառված է 26 հազար 432 մարդ: «Ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13400 մարդ արդեն իսկ գնել է իր տունը կամ բնակարանը: Կառավարության աջակցության շրջանակներում տեղահանված մեր հայրենակիցների գնած բնակարանների արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ»,- տեղեկացրեց նա: Փոխվարչապետը հավելեց, որ 2025 թվականի տարեվերջին Կառավարությունը հաստատել է նաև Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի համար վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը, շարունակվել են դրամական օժանդակության ծրագրերը:
«Ընդհանուր առմամբ 2025-ին վերոնշյալ աջակցության ծրագրերի ուղղությամբ ծախսվել է շուրջ 38 մլրդ դրամ, իսկ 2026-ի պետբյուջեով նույն ծրագրային ուղղություններով հատկացումների գումարը 55 մլրդ է»,- հայտնեց նա՝ շեշտելով, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ավելի քան 31 հազար 300 տեղահանված հայրենակիցներ ունեն մշտական աշխատանք կամ ինքնազբաղվածություն: «Ընդհանուր առմամբ, Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից փաստացի ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ, իսկ 2023-ից ի վեր՝ շուրջ 146 մլրդ դրամ»,- եզրափակեց փոխվարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...