Հացադուլ, ինքնավնասման դեպքեր. «Վանաձոր» ՔԿՀ-ում բունտը շարունակվում է
«Վանաձոր» ՔԿՀ-ում բունտը շարունակվում է։ Հացադուլին զուգահեռ նաեւ ինքնավնասման դեպքեր են գրանցվել։ «Վանաձոր» ՔԿՀ-ում 30 կալանավորված անձ և դատապարտյալ հացադուլի մեջ է: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն: Պատճառն, այսպես կոչված, մաքրման աշխատանքներ են եղել։
Auroranews-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի գործունեությունն ընթանում է բնականոն եղանակով։
««Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց կողմից ինքնասպանության փորձեր չեն իրականացվել։ 3 դատապարտյալ հայտարարել է ինքնավնասում կատարելու մասին, որոնցից երկուսի ինքնավնասման փաստն արձանագրվել է, երրորդ դատապարտյալը հրաժարվել է անցնել բժշկական զննություն՝ ինքնավնասումը փաստելու համար»,- նշեց Նավիկյանը:
Նա նաև հայտնեց, որ փետրվարի 9-ին ՔԿԾ օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ՝ այլ ազատազրկվածների նկատմամբ, Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկել են հիմնարկի խցերը։
«Ծառայողները խցերից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, ինքնաշեն ոգելից խմիչք, այլ արգելված իրեր: Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող, քրեական ենթամշակույթի կանոններով առաջնորդվող ազատազրկված անձինք նույն օրը՝ փետրվարի 9-ին, տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, և ի հաջակցություն վերջիններիս՝ որոշ կալանավորված անձինք և դատապարտյալներ հայտարարել են հացադուլ»,-ասաց Նոնա Նավիկյանը և հավելեց. «Այս պահի դրությամբ հացադուլի մեջ է գտնվում 20 կալանավորված անձ և դատապարտյալ»։