
ԱՄՆ Սենատը որոշել է շարունակել Ուկրաինային և Իսրայելին հատկացվելիք օգնության մասին օրինագծի քննարկումը

Հինգշաբթի ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկության ժամանակ կողմ է արտահայտվել Սպիտակ տան կողմից Ուկրաինային և Իսրայելին օգնելու համար միջոցներ տրամադրելու հարցի քննարկումը շարունակելուն։ Այս մասին գրում է Интерфакс–ը:
67 սենատոր քվեարկել է օժանդակության հետագա քննարկման օգտին, 32-ը՝ դեմ: Հաստատման համար պահանջվում էր նվազագույնը 60 ձայն։
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ եթե հնարավոր չլիներ հաղթահարել 60 ձայնի շեմը, դա կնշանակեր Սենատում օրինագծի քննարկման վերջնական դադարեցում։
Օրինագիծը 95 միլիարդ դոլար է նախատեսում Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնության, ինչպես նաև այլ մարդասիրական կարիքների համար: Դրանցից ավելի քան 60 միլիարդ դոլար է հատկացվել Կիևին, իսկ ավելի քան 14 միլիարդ դոլար՝ Իսրայելին։ Ընդ որում, գործող օրինագիծը, ի տարբերություն նախորդ տարբերակի, չի պարունակում կետեր ԱՄՆ հարավային սահմանի անվտանգության ամրապնդման վերաբերյալ։
Չորեքշաբթի ԱՄՆ Սենատում արգելափակվեց սահմանային անվտանգության և արտաքին ֆինանսական օգնության մասին փոխզիջումային երկկուսակցական օրինագիծը, որին դեմ քվեարկեցին 50 սենատորներ։ Դեմ քվեարկողների մեծ մասը հանրապետականներ էին, սակայն նրանց միացան ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մի քանի ներկայացուցիչներ։
Ուկրաինային և Իսրայելին օգնության ֆինանսավորման օրինագծի հնարավոր հաստատումը Սենատում չի երաշխավորում դրա վերջնական հաստատումը։ Հունվարին ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ, հաշվի առնելով այն փաստը, որ Ներկայացուցիչների պալատում շատ հանրապետականներ թերահավատորեն են վերաբերվում Ուկրաինային մեծ միջոցներ հատկացնելու գաղափարին, երաշխիք չկա, որ նրանք կհամաձայնեն հաստատել Կիևին տրամադրվող օգնությունն առանց միաժամանակյա լուծման միգրացիոն խնդրին։