Ֆերմերների բողոքի պատճառը ԵՄ կանաչ քաղաքականությունն է. Բուլղարիա
Եվրոպայում գյուղմթերք արտադրողների զանգվածային բողոքի ակցիաների պատճառը Եվրամիության կանաչ քաղաքականությունն էր, որը հաշվի չի առնում այսօրվա իրողությունները։ Այս մասին BTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բուլղարիայի գյուղատնտեսության եւ պարենի նախարար Կիրիլ Վիտեւը։
«Եվրոպայում գյուղատնտեսական բոլոր արտադրողներն ունեն երեք ընդհանուր խնդիր. Առաջինը, Եվրամիությունը չափազանց հավակնոտ ծրագիր է իրականացնում էկոլոգիայի և կանաչ միջոցառումների վերաբերյալ, որը ներառում է տարբեր տեսակի պարարտանյութերի և բույսերի պաշտպանության միջոցների օգտագործման արգելք: Մեծ սխալն այն է, որ արգելքը դեռևս կիրառվում է մինչև այլընտրանքային տարբերակների մշակումը, ինչը հանգեցնում է ցածր եկամտաբերության և բարձր արտադրական ծախսերի, երկրորդը վնասների փոխհատուցման անարդար բաշխումն է ողջ գյուղատնտեսական արտադրանքի շղթայում, երրորդ պատճառը անօրինական մրցակցությունն է՝ կապված դեմպինգային արտահանման հետ` երրորդ երկրների արտադրանքի (Ուկրաինա): Սրանք խնդիրներ են, որոնք հուզում են եվրոպական գյուղատնտեսական բոլոր արտադրողներին»,- ասել է նախարարը։ Վիտեւը տեղեկացրեց, որ բանակցությունները բուլղարացի ֆերմերների հետ, ովքեր հայտարարել են զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնելու իրենց պատրաստակամության մասին, շարունակվում են, և քննարկվում է իրական օգնությունը, որը իշխանությունները կարող են և պատրաստ են տրամադրել։
Կիրակի օրը կայացավ երկրի վարչապետ Նիկոլայ Դենկովի և շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների հանդիպումը գյուղատնտեսության ոլորտի ղեկավարների հետ, որից հետո հայտարարվեց օգնություն ցուցաբերելու պետության պատրաստակամության մասին։ «Մենք կառուցողական բանակցություններ ենք վարել և առաջարկություններ ենք արել՝ օգնելու ֆերմերներին երաշխավորված բյուջեով, որը հիմնված է ծախսերի վերաբաշխման վրա՝ առկա միջոցների շրջանակներում: Տարբեր ոլորտներին առաջարկվել է տարբեր չափերի օգնություն»,- ասել է Դենկովը ճեպազրույցում:
Ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել գործընկերների հետ քննարկել կառավարության առաջարկները և իրենց պատասխանը տալ իշխանություններին ոչ ուշ, քան երկուշաբթի։ Բուլղարիայում գյուղմթերք արտադրողների կողմից փետրվարի 6-ին հայտարարված համազգային բողոքի ակցիայի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Դենկովն ասաց, որ որոշել է չեղարկել հաջորդ շաբաթ նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ բանակցություններն ավարտելու անհրաժեշտության պատճառով, սակայն Բուլղարիայի ֆինանսների, էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարները կմեկնեն Միացյալ Նահանգներ։