ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բիշքեկի ՋԷԿ-ում խոշոր վթար է տեղի ունեցել. շրջանառվում է դիվերսիայի վարկածը
Ղրղզստանի մայրաքաղաքի բնակիչները առանց տաք ջրի և ջեռուցման են մնացել Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնում տեղի ունեցած վթարի պատճառով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությանը:
«Փետրվարի 2-ին, ժամը 3:00-ին (Երևանի ժամանակով` 01:00-ին,– խմբ․) Բիշքեկ քաղաքի ՋԷԿ-ում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով սարքավորումները շարքից դուրս են եկել: Այս պահին անձնակազմի բոլոր ուժերը ներգրավված են իրավիճակը կարգավորելու գործում։ Վթարի հետևանքով տուժել է երեք աշխատակից, նրանք գտնվում են հիվանդանոցում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ քաղաքի բնակիչներին էլեկտրաէներգիան մատակարարվում անխափան։ Սակայն ջերմաէլեկտրակենտրոնի և ջեռուցման ցանցերի աշխատանքը պահպանելու նպատակով դադարեցվել է տաք ջրի և ջեռուցման մատակարարումը։
Հաղորդվում է, որ ՋԷԿ-ի վթարի հետևանքները շուտափույթ վերացնելու համար ստեղծվել է օպերատիվ շտաբ: Էներգետիկայի նախարարությունից նշել են, որ աշխատում են վերականգնել քաղաքացիների տների ջեռուցման մատակարարումը:
Հավելենք, որ Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարար Բոոբեկ Աժիկեևն էլ հայտնել է, որ երկրի իշխանությունները դիվերսիան դիտարկում են որպես Բիշքեկի ՋԷԿ-ում վթարի հնարավոր պատճառներից մեկը:.
«Ներկայում աշխատանքներ են տարվում վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։ Երկու վարկած է դիտարկվում։ Կամչիբեկ Տաշիևի (ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարի) հանձնարարությամբ դիտարկվում է դիվերսիայի հնարավորությունը, քանի որ ժամը երեքին դեպքին նախորդել է մի քանի փոքր պայթյունի ձայն: Եվ, իհարկե, մենք չենք բացառում տեխնածին բաղադրիչը։ Կարող են նաև տեխնիկական պահեր լինել»,-ասել է նախարարը։
Արտակարգ պատահարի հետևանքով մայրաքաղաքի միակ ՋԷԿ-ի սարքավորումները մասամբ շարքից դուրս են եկել, բազմաթիվ քաղաքացիների տներ մնացել են առանց ջեռուցման և տաք ջրի: Վթարի հետևանքով տուժել է 5 մարդ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավելի վաղ ԱԻՆ ղեկավարը հայտնել է, որ Բիշքեկի ջերմամատակարարման ամբողջական վերականգնման համար 5-7 օր կպահանջվի: Ընդ որում, Ղրղզստանի մայրաքաղաքում բացասական ջերմաստիճան է պահպանվում․ այս պահին Բիշքեկում մինուս 3 աստիճան է:
Նշենք նաև, որ Բիշքեկի բոլոր դպրոցները մինչև երկուշաբթի անցնում են առցանց ուսուցման, այսօր փակ են նաև մանկապարտեզները։