Պակիստանի ժողովուրդը մեծ հարգանք ու սեր է տածում Իրանի ժողովրդի նկատմամբ. ԱԳ նախարարություն
Հինգշաբթի՝ հունվարի 18-ի առավոտյան Պակիստանը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել, որը կոչվում է «Մարգ բար Սարմաճար», որի ընթացքում հարվածներ են հասցվել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում գտնվող «ահաբեկիչների թաքստոցներին»։ Այս մասին տեղեկությունը հաստատել է Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարությունը բացատրել է, որ նման գործողությունները Պակիստանի անսասան վճռականության դրսեւորում են՝ պաշտպանելու իր ազգային անվտանգությունը բոլոր սպառնալիքներից։
«Պակիստանը լիովին հարգում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այսօրվա գործողության միակ նպատակն էր ապահովել Պակիստանի սեփական անվտանգությունը և ազգային շահերը, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն և չեն կարող վտանգվել», - ասվում է Պակիստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նյութում նշվում էր, որ Պակիստանը պաշտպանում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներն ու նպատակները, ներառյալ անդամ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ղեկավարվելով սկզբունքներով և իրացնելով միջազգային իրավունքով նախատեսված իր օրինական իրավունքները՝ երկիրը թույլ չի տա կասկածի տակ դնել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հավելել են ԱԳՆ-ում։
«Իրանը եղբայրական երկիր է, և Պակիստանի ժողովուրդը մեծ հարգանք ու սեր է տածում Իրանի ժողովրդի նկատմամբ: Մենք միշտ ընդգծել ենք երկխոսությունն ու համագործակցությունը ընդհանուր խնդիրների, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարում, և կշարունակենք ջանքերը համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։