ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Անպատիվ ու վիրավորական է»․ ուսուցիչները բողոքում են ատեստավորման կարգից
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ-ի մոտ՝ դժգոհելով Կառավարության որոշումից: Ուսուցիչները դժգոհում են ատեստավորման կարգից։
Նրանց խոսքով՝ ատեստավորման հետևանքով իրենք մնացել են առանց աշխատանքի:
«Կամավորն անցնելուց հետո 57 միավոր եմ հավաքել, ինձ ազատել են աշխատանքից: Նամակ եմ գրել նախարարություն, ասել են՝ մենք ձեզ հնարավորություն ենք տվել բարձրագույնն ավարտելու, չեք սովորել, ու սա հաշվի առնելով, կամավորի շեմն էլ չեք հաղթահարել, դուրս եք մնում»,- նշեց ուսուցիչներից մեկը:
Ուսուցիչների խոսքով՝ ասել են, որ կառավարությունը կարող էր հետաձգել ատեստավորման կարգի կիրառումը՝ իրենց թույլ տալով առանց նախապայմանի շարունակել աշխատել։
«Այսօրվա դրությամբ մեր ամբողջ աշխատանքը զրոյացրել են։ Անպատիվ ու վիրավորական է։ Ես գյուղում եմ ապրում, էնքան վատ եմ զգում, որ ասում են՝ գնացել է, անգրագետ է, չի կարողացել ատեստավորումն անցնել, աշխատանքից ազատել են»,- լասաց բողոքի ակցիայի մասնակից ուսուցչուհիներից մեկը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում հայտարարել էր, որ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանան: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչներ չեն ստացել բարձրագույն կրթություն, և այսօր դպրոցներում դասավանդում են` ունենալով միջին մասնագիտական կրթություն: Նախարարն ասել էր, որ առաջարկվում է այդ ուսուցիչներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին: Եթե կամավոր ատեստավորման արդյունքում տվյալ ուսուցիչը հավաքի 60 տոկոս և ավելի, ապա նրան հնարավորություն կտրվի շարունակելու ուսուցչական աշխատանքը:
Մանրամասները՝ տեսանյութում։