Էլեկտրամոբիլների համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով ՀՀ-ն բանակցում է մի շարք երկրների հետ

2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրամոբիլների ներկրման ԵԱՏՄ սակագնային քվոտայի բաշխում, ըստ որի՝ Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն 8 հազար հատ չափաքանակով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներկրել Հայաստան՝ 0 տոկոս մաքսատուրքի կիրառմամբ։ Չի կիրառվելու նաև ԱԱՀ։


Այս արտոնությունների փաթեթն ուժի մեջ է լինելու 2024-2025 թվականներին։


2022-2023 թվականներին ևս էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման պարագայում գործել են վերը նշված արտոնությունները։ Քանի որ արդյունքները գոհացուցիչ են եղել, որոշվել է դրանց գործողության ժամկետները երկարաձգել երկու տարով։


«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին Հայաստան ներկրվել է 3485 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, որը 2021թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, իսկ 2020 թվականի համեմատ՝ 12,1 անգամ։


«2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստան ներկրված էլեկտրական մեքենաների թիվը կազմել է 4909-ը։ Սա ցույց է տալիս, որ մենք այս ոլորտում ունենք նշանակալի արդյունք։ Այսինքն՝ յուրաքանչյուր տարի Հայաստան ներկրվող ու շահագործվող այս ավտոմեքենաների թիվը կտրուկ աճում է»,-ասել է Էմմա Մովսիսյանը։


Անդրադառնալով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրմանը՝ նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ավտոմեքենաների գերակշիռ մեծամասնությունը Հայաստան ներկրվում է Արաբական Միացյալ Էմիրություններից, այնուհետև ԱՄՆ-ից, Չինաստանից, որոշակի քանակությամբ՝ Իրանից և Վրաստանից։


«Եթե խոսենք ավտոմեքենաների արտադրության տարեթվերի մասին, ապա կարող ենք ասել, որ սպառողները հիմնականում նախընտրում են ավելի նոր տարեթվերի մեքենաներ։ Այստեղ կարող ենք ասել, որ ներկրվածի գերակշիռ մեծամասնությունը կազմում է 2021-2023 թվականների արտադրության ավտոմեքենաներ։ Ներկվում են և՛ բարձր, և՛ միջին դասի ավտոմեքենաներ։ Հիմնականում ներկրվում է Volkswagen ID.4, Volkswagen ID.6, Honda, Tesla, միջին սեգմենտում`Nissan LEAF, Chevrolet Volt, որոնց շուկայական միջին արժեքը 8-15 հազար ԱՄՆ դոլար է՝ կախված շարժիչի հզորությունից, արտադրության տարեթվերից և այլ բաղադրիչներից»,-ասել է Էմմա Մովսիսյանը։


Այս նախաձեռնության նպատակը հիմնականում Հայաստանի կառավարության կողմից որդեգրված կանաչ տնտեսության քաղաքականության դրույթների կիրառումն է, որը նախատեսում է կրճատել դիզելային վառելիքի օգտագործումը, արտանետումները։ Էմմա Մովսիսյանը նկատեց, որ այս ավտոմեքենաների ներկրումների արդյունքում զարգանում են նաև հարակից ենթակառուցվածքները, ավելանում է լիցքավորիչ կայանների թիվը, որը հասել է 200-ի, ավելանում են վերանորոգման կետերը, ինչն էլ իր հետևից բերում է համապատասխան ներդրումներ և ավելանում են նաև աշխատատեղերը։


«Մենք այն քաղաքականությունն ենք որդեգրել, որ հետագայում և՛ պետական կառավարման ապարատում, և՛ մասնավոր շահագործման դեպքում շեշտակի ավելացնենք էլեկտրամոբիլների շահագործումը։ Դիտարկում ենք նաև Հայաստանում հետագայում հանրահայտ բրենդների հետ համատեղ արտադրությունների կազմակերպումը։ Այդ համատեքստում ներկայում որոշ երկրների հետ գտնվում ենք բանակցությունների փուլում»,-նշել է Մովսիսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն