
Փաշինյանը հետաքրքրվել է պետպատվերի համակարգում փոփոխություններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Զեկույցներով հանդես են եկել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները:
Նախ` ներկայացվել են առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները: Ընթացիկ տարում շարունակվել է առողջապահության ոլորտի համակարգային նշանակության ծրագրերի իրականացումը: Մշակվել է առանցքային բարեփոխումներից մեկի` առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Ձևավորվել են փորձագիտական խմբեր, իրականացվել է գների հետազոտություն, որի հիման վրա կազմվել է հիմնական ծառայությունների փաթեթը և ծախսերի հաշվարկը: Բարեփոխման վերջնանպատակն է հիմնական բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության բարելավումը, ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, մահացության և հիվանդացության բեռի նվազեցումը: Նախագիծը լրամշակումից հետո ներկայացվել է ՀՀ կառավարություն:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե պետպատվերի համակարգում ինչ փոփոխություններ են կատարվել: «Նախկինում այդ պրակտիկան ունեինք, որ նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայեցողական որոշմամբ: Հիմա այդ պրակտիկան ընդհանրապես դո՞ւրս է եկել, այսինքն օֆերտայի տրամաբանությա՞մբ են գումարները բաշխվում և բուժառուի հետևի՞ց են գնում: Հիմա դա ամբողջությամբ այդպե՞ս է»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը դրական պատասխան է տվել և հավելել, որ այժմ գումարները գնում են բուժառուի հետևից:
Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Մենք ասում ենք՝ ա. նախարարի հրաման սահմանաչափերի վերաբերյալ պետք է չլինի և բ. պետք է լինեն առողջապահական բժշկական կենտրոններ, որոնք չունեն պետպատվեր: Այսինքն, պետպատվերը բժշկական կենտրոնին կապելու պրակտիկան վերանում է: Ով ուզում է մատուցել, թող մատուցի: Սրա հետ կապված ես նախարարին հանձնարարել եմ հետևյալը, որ հերթագրման ցուցակների մոբիլություն ապահովենք: Մարդը շահառու է, արձանագրվել է նրա շահառու լինելը, տեսնում է, որ իքս բժշկական կենտրոնում իր ծառայությունը կարող են մատուցել ենթադրենք 15 օրվա ընթացքում ու ինքը համաձայնվում է: Հաջորդ փուլում տեսնում է, որ կա առողջապահական հիմնարկ, որ կարող է այդ նույն ծառայությունը մատուցել մեկ շաբաթվա ընթացքում: Մարդը պետք է ազատություն ունենա տեղափոխվել այդ ցուցակից այնտեղ և ավտոմատ այն մյուս ցուցակից պետք է դուրս գա: Այսինքն, մենք մարդուն ենք հետևում, ոչ թե առողջապահական հիմնարկին, որպեսզի այդ մոբիլությունն առավել արդյունավետ լինի: Կարծում եմ՝ սա ծառայությունների մատուցման որակը բարելավելու ևս մի լրացուցիչ խթան կդառնա առողջապահական կենտրոնների համար»:
Առողջապահության ոլորտի մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով ներդրվել է բժիշկների լիցենզավորման համակարգ: Ստեղծվել է անկախ փորձագետներից կազմված էթիկայի հանձնաժողով` բժշկական կենտրոններում բուժաշխատողի կողմից էթիկայի կանոնների խախտումները քննելու համար:
Ստեղծվել է «Առողջապահության մասնագետների ռեգիստր», որի նպատակը Հայաստանում գործունեություն ծավալող առողջապահության մասնագետների ամբողջական շտեմարան ունենալն է։ Ստեղծվել է բժշկական արագ արձագանքման թիմ, որը բժշկական օգնություն և սպասարկում կիրականացնի ինչպես մեր երկրում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս միջազգային մարդասիրական առաքելություն իրականացնելիս:
2023 թ. 9 ամիսների ընթացքում վիրուսային Հեպատիտ C-ով պացիենտներին տրամադրվող անվճար բուժօգնության ծրագրին է դիմել 826 պացիենտ, որից 649–ը բուժում է ստացել, մնացածը գտնվում են բուժման ընթացքում: 2024 թ. նախատեսվում է ծրագրում ներառել 1440 պացիենտի:
Ընթացիկ տարում իրականացվել են վերարտադրողական, մայրական և երեխաների առողջության բարելավման միջոցառումներ: Գյումրու ԲԿ-ում պիլոտային կարգով ներդրվել և իրականացվում է պրենատալ սքրինինգ` մարզի բոլոր հղիների համար, ինչը կբարելավվի մինչծննդյան ախտորոշման իրավիճակը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիմնադրվել է ապագա «Պտղի բժշկության կենտրոնը», և մեկնարկվել են շինարարական աշխատանքներ արտամարմնային բեղմնավորման կենտրոն ունենալու նպատակով: Մշակվել է ադրենագենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգային ծրագիրը, որը կներդրվի 2024թ. սկզբից Երևանում, այնուհետև կընդգրկվեն բոլոր մարզերը: Սքրինինգի միջոցով կհայտնաբերվեն բնածին մակերիկամային հիպերպլազիա ունեցող նորածինները, արդյունքում կնվազի դրա հետևանքով նորածնային մահացությունը` ի շնորհիվ ծանր ձևերի վաղ հայտնաբերմանը մինչև մակերիկամային կրիզի զարգանալը:
2023 թ. կրկնակի նվազել է մայրական մահացության ցուցանիշը, նաև «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի» թիրախ հանդիսացող մեռելածնության ցուցանիշը, որը մինչ 2020թ. ստաբիլ տատանվել է 16-19 պրոմիլի (600-850 դեպք) շրջանակներում, իսկ այսօր չի գերազանցում 11,2-ը:
2023թ. նոյեմբերի 30-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է ծնունդների թիվը (32926` ավելացել է 336-ով): Անպտղության հաղթահարումը երկրի կարևորագույն թիրախներից է, միաժամանակ այն ծրագրերից է, որն ունի չափազանց մեծ պահանջարկ բնակչության շրջանում: Հաշվի առնելով այս ամենը, 2023թ. հունվարից ծրագրին հատկացված ֆինանսավորման կտրուկ աճի շնորհիվ, աննախադեպ ընդլայնվել են շահառուների խմբերը: Ծրագրի մեկնարկից մինչև նոյեմբերի 30-ը ծնվել է 368 երեխա, որից 54-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում: Թվարկված միջոցառումները միտված են մեկ նպատակի` հասնել ոլորտային ռազմավարություններով սահմանված թիրախներին:
Անդրադառնալով վերարտադրողական առողջության թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր տարիքային քաղաքականության հետ կապված համո՞զված ենք, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում, որովհետև շատ են լինում դեպքերը, մանավանդ ես նամակներ, դիմումներ եմ ստանում: Հատկապես զոհված զինծառայողի ընտանիքներում տարիքային սահմանափակումների հետ կապված խնդիրներն առավել սուր են հնչում: Մենք այդտեղ համո՞զված ենք, որ մեր քաղաքականությունները ճշգրիտ են»:
Նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ ուղարկել են Ազգային ժողով: «Երկու շեմ ենք փոխում՝ էԿՈ-ի համար 53 տարեկանը բարձրացնում ենք 55-ի և փոխնակ մոր համար 35-ը՝ 38-ի»,- նշել է նախարարը: