ՀՀ-ում 2024 թ–ին գազի սակագինը կփոխվի՞. «Գազպրոմ Արմենիա»-ն մանրամասնում է

«Գազպրոմ Արմենիան» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չի դիմի` բարձրացնելու 2024 թ. գազի սակագինը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։


Նա հիշեցրեց, որ «Գազպրոմ» ընկերության հետ ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր, որը հաստատում է սահմանին Հայաստանի համար գազի գործող գինը՝ 1000 խմ–ի դիմաց 165 դոլար: Հակոբյանի խոսքով` գնագոյացման գործոնները երկրի ներսում նույնպես էապես չեն փոխվել։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնպես վստահեցրել էր, որ գազի գիօ փոփոխություն չի լինելու:


Նշենք, որ 2022–ի ապրիլի 1–ին ՀՀ շարքային սպառողների համար գազի գինը բարձրացավ 4․7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են կազմում սոցիալապես անապահով սպառողները, որոնց համար գազի գինը չփոխվեց` ի հաշիվ կառավարության սուբսիդավորման։ Նրանք շարունակում են վճարել 1խմ–ի դիմաց 100 դրամ սակագնով։ Գազի սակագնի վերանայման ժամկետը` ամեն տարի ապրիլի 1-ը, որոշվել է այն տրամաբանությամբ, որ ապրիլից արդեն Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։

Քաղաքականություն