ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ին ասել ենք՝ խախտումներ են եղել, ընդունել են. ԲՏԱ նախարար
Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` անդրադառնալով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների շուրջ ծավալվող իրադարձություններին ու ռուսական կողմի հետ բանակցություններին։
Նրա խոսքով` ռուսական կողմի հետ հանդիպմանն անդրադարձել են հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներում եղած խախտումներին։
«Նույնիսկ կարիք չի եղել փաստեր ներկայացնելու, մենք ընդամենն ասել ենք, որ խախտումներ են եղել, եկեք դետալային չքննարկենք, և ընդունվել է, որ խախտումներ եղել են»,– ընդգծեց նա։
Նախարարը նշում է՝ կոնսուլտացիաների արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ, որի մեջ արձանագրված է այդ ամենը։
Խաչատրյանի խոսքով՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարց չի քննարկվել, քանի որ դա սխալ կլիներ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ: Խորհրդակցության ընթացքում հայկական կողմը նշել է, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արձանագրել է Համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ: Ռուսական կողմն ընդունել է այդ փաստը, և արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն: