ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն առանց ՌԴ չի կարող․ մի կրկնեք հետխորհրդային երկրների սխալները․ Տոլստոյ
Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը համարում է, որ Ռուսաստանից Հայաստանի հեռանալը կործանարար է։ Այս մասին նա ասել է «Ռուսաստան-Հայաստան» առաջին հասարակական համաժողովի բացմանը։
Տոլստոյը նշել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կից գործում է 2500 հասարակական կազմակերպություն, իսկ դեսպանատունն ԱՄՆ ամենամեծ ներկայացուցչությունն է ողջ հետխորհրդային տարածքում: Նա նշել է, որ այդ «ՀԿ-ները դրամաշնորհներ, գումարներ են բաժանում և հայ երիտասարդներին, հայ հասարակությանը համոզում են, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի»:
«Առանց Ռուսաստանի Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն չի ունենա»,- ասել է նա։
Նա Հայաստանին հորդորել է չկրկնել հետխորհրդային երկրների սխալները, որոնք փորձում էին Ռուսաստանից ստանալ այն ամենը, ինչ կարելի է ստանալ, և միաժամանակ ամեն ինչ ստանալ Եվրոպայից:
«Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ կային, որոնք ասում էին. «Խնդրում եմ` զանգեք, ասեք, մի բան արեք, Ռուսաստանի նախագահի հետ խոսեք։ Մեր տղաները մահանում են, դագաղներով բերում են ճակատից»։ Իսկ այսօր այդ պատգամավորներն այլևս չկան, ընդհանրապես չկան, ոչ ոք չկա։ Հիշեցնեմ, որ հենց Վլադիմիր Պուտինը դադարեցրեց արյունալի պատերազմը»,- ընդգծել է Պետդումայի փոխխոսնակը։