Թուրքիան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու դեպի ծով ելք չունեցող երկրներին. Հուսեյն Օզեն

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության առաջին քարտուղար Հուսեյն Օզենի կարծիքով՝ Թուրքիան ՄԱԿ-ի անդամ հանդիսացող և դեպի ծով ելք չունեցող երկրների բազայի ամենամեծ դոնորն է, որի ծառայություններից կարող են օգտվել բոլոր ցանկացողները:


Ելույթ ունենով Երևանում կայացած դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ՝ Օզենը նշեց, որ Թուրքիան առաջնահերթ է համարում անընդհատ և անխոչընդոտ տրանսպորտային կապակցվածությունը, հետևաբար կողմ է բազմամոդալ տրանսպորտային ուղիների շահագործմանը։


«Նախարարական 22-րդ ժողովից հետո, որը տեղի ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, հերթական այս հանդիպումը կարևոր դերակատարություն կունենա Կիգալիում հունիսին անցկացվելիք համաժողովի նախաշեմին: Այսօրվա հանդիպման թեման և հրամայականը ճիշտ ժամանակին են: Մենք պետք է ամրապնդենք արդար, մատչելի և ներառական տրանսպորտային կապակցվածությունը՝ որպես երկարաժամկետ, դիմակայուն տնտեսությունների շարժիչ ուժ: Աշխարհում կան մի քանի ճգնաժամեր, որոնք ազդում են մեր կյանքի տարբեր ուղղությունների վրա: Դեպի ծով ելք չունեցող երկրներն այդ պարագայում ավելի խոցելի են գլոբալ մարտահրավերների, սոցիալ-տնտեսական հետևանքների նկատմամբ: Մենք գիտակցում ենք, որ տրանսպորտային կապվածությունն առանցքային դեր ունի տնտեսական դաշտում, հատկապես նշված խմբի երկրների պարագայում: Կապակցվածության օգուտները չեն սահմանափակվում զուտ տնտեսական նկատառումներով: Դրանք կատալիզատոր են ընդհանրապես շարունակական զարգացման համար: Գտնվելով կարևոր տրանսպորտային միջանցքների խաչմերուկում՝ Թուրքիան առաջնահերթ է համարում անընդհատ և անխոչընդոտ կապակցվածությունը, հետևաբար կողմ է բազմամոդալ տրանսպորտային ուղիների շահագործմանը»,-նշեց Օզենը: