
«Դրանք աբսուրդի ժանրից են․ ես և Վահե Ղազարյանը կարդացել ու ժպտացել ենք»․ Արփինե Սարգսյան

Մի քանի օր է մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և նրա տեղակալ Արփինե Սարգսյանի հարաբերությունները լարվել են, և Արփինե Սարգսյանը, իբրև թե, տակից պայքարում է նախարար Ղազարյանի դեմ, այլ կերպ ասած՝ «փորում է նրա տակ»։
MediaHub-ն այսօր Արփինե Սարգսյանից հետաքրքրվել է, թե արդյոք իր և Վահե Ղազարյանի հարաբերությունները լարվա՞ծ են, թե ոչ:
«Նման խոսակցություններն ուղղակի անլուրջ խոսակցություններ են․ ես և Վահե Ղազարյանը շատ լավ հարաբերություններ ունենք»,- ասաց Արփինե Սարգսյանը։
-Իսկ այն, որ Սյունիքի մարզում ՆԳՆ պաշտոնյաների է ձերբակալել Հակակոռուպցիոն կոմիտեն, դրա վերաբերյալ ի՞նչ կասեք։
-Դրա վերաբերյալ․․․ Քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն է նախաքննություն վարող մարմինը, նախաքննական գաղտնիքի և մնացյալի մասով ճիշտ կլինի տեղեկատվություն ստանալ գործընկերներից։
-Այսինքն՝ ձեր համակարգում կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք կոռուպցիայի նկատմամբ հակո՞ւմ ունեն։
-Կարող են լինել նմանատիպ դրսևորումներ, բայց այս դեպքում կարևորը պետական արձագանքն է, և, հաշվի առնելով այդ հանգամանքը, առերևույթ նմանատիպ կասկածների հիմքով տեղի է ունեցել ձերբակալում։ Նախաքննությունը ցույց կտա։
-Իսկ մամուլի տեղեկությունների մասով ի՞նչ կասեք՝ Ձեր և Վահե Ղազարյանի մասով․ ասում են՝ նախարարի «տակ փորում եք», ուզում եք ազատվել նրանից, նաև սորոսականների աջակցությունն եք վայելում։
-Դրանք պարզապես ժպիտ առաջացնող հրապարակումներ են՝ խնդիրների պատրանք ստեղծելու նպատակով։ Նորից եմ շեշտում՝ ես և նախարարը շատ լավ հարաբերություններ ունենք, և դրանք աբսուրդի ժանրից են։
-Իսկ երբ կարդացել եք այդ հրապարակումները, ի՞նչ եք արել Դուք և նախարարը, ժպտացե՞լ եք։
-Այո, ժպտացել ենք, խորհուրդ կտամ՝ Դուք էլ ժպտաք։
-Իսկ գո՞հ եք Վահե Ղազարյանի աշխատանքից։
-Այո։