
Իրանը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանային կայունության ամրապնդման գործում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի` փոխադարձ գործողությունների և համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ երկու կողմերի գերիների ազատ արձակումը։ Դա համարում ենք դրական իրադարձություն»,– ասել է նա։
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ կայուն խաղաղության հասնելը պահանջում է տարածաշրջանային կողմերի միջև խաղաղ հռետորաբանության և վստահության մթնոլորտի ամրապնդում՝ հույս հայտնելով, որ այդ միջոցները կհանգեցնեն խաղաղության և կայունության:
Քանանին վստահեցրել է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման գործում Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրներին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։