Ալավերդու ավագանու գաղտնի քվեարկությունն անվավեր համարվեց

Ալավերդիում ավագանու արտահերթ նիտի ժամանակ, գաղտնի քվեարկության ավարտից հետո նիստերի սենյակ մտավ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ներս մտավ նաև Մեսրոպ Առաքելյանը։


Թամազյանը նշեց, որ նիստը սկսել են օրենքի խախտմամբ, քանի որ պետք է 30 րոպե սպասեին, մինչ համայնքապետը կամ տեղակալը գային, և հետո միայն նրանց չգալու դեպքում նիստը կվարեր ավագ անդամը։


Հետո Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները դուրս տարան Առաքելյանին։


Նշենք, որ սենյակում է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս և Թամազյանի միջև ևս լեզվակռիվ սկսվեց, վիրավորանքներ հնչեցին։ Ոստիկանները դուրս տարան նաև Թամազյանին։ Քվեատուփի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով առաջարկվեց նախկին քվեարկությունը համարել անվավեր։ Այժմ ավագանու անդամները նորից են քվեարկում։


Հիշեցնենք, որ Ալավերդիում ավագանու արտահերթ նիստ է մեկնարկել, որին մասնակցում է 14 անդամ։ Նիստում առաջարկվում է անվստահություն հայտնել գործող համայնքապետ Արկադի Թամրազյանին և համայնքապետ ընտրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Ալավերդու համայնքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիան են իրականացնում Ալավերդի բնակիչներն՝ ի պաշտպանություն համայնքապետի։


Նշենք, որ ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համահիրմնադիր Մեսրոպ Առաքելյանի՝ ոստիկանները բռնի ուժով ջարդել են Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի մուտքը։


Նշենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով ՔՊ և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը։


Ավելի ուշ ավագանու անդամ Սիմոն Զախարովը լքել է «Ապրելու երկիր» խմբակցությունը և դարձել «անկախ» անդամ: