Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար Կատարի հետ հաշիվներ մաքրելու մտադրության մասին

Իսրայելը մտադիր է պատանդների ազատ արձակման գործարքի ավարտից հետո Կատարի հետ «հաշվեհարդար տեսնել» ՀԱՄԱՍ շարժման լեգիտիմացմանն ուղղված նրա գործունեության համար, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի ռազմավարական հարցերով տեղակալ Յոշ Զարկան:

«Մենք հաշիվներ ենք մաքրելու Կատարի հետ, որը դեր է խաղացել այն ամենում, ինչը կապված Է ՀԱՄԱՍ-ի դիրքավորման և նրա գործունեության լեգիտիմացման հետ։ Կատարը մեզ պետք է առևանգվածներին վերադարձի հարցում, երբ այդ գործընթացն ավարտվի, մենք նրանցից պատասխաններ ենք պահանջելու, ամեն կերպ հետապնդելու ենք բոլոր նրանց, ովքեր ՀԱՄԱՍ-ի կողքին էին, և բոլոր նրանց, ովքեր այժմ նրա կողմից են»,- հայտարարել է Զարկան։

Կատարի միջնորդությամբ Իսրայելը և Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին առաջին լայնածավալ պայմանավորվածությունը՝ հոկտեմբերի 7-ին հակամարտության սրվելուց հետո: Կողմերը պայմանավորվեցին չորս օրով՝ նոյեմբերի 27-ից, դադարեցնել ռազմական գործողությունները՝ տասնյակ պատանդների ու կալանավորների փոխանակման նպատակով։

Երկուշաբթի Կատարի ԱԳՆ-ն հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ևս երկու օրով երկարաձգել հումանիտար զինադադարը։