Հանկարծ չլինի, որ Սնուփ Դոգի օրը ընկնենք, փողը տանք, Սնուփ Դոգը չերգի․ Արթուր Խաչատրյան

Նախարարությունը խրոնիկ կերպով թերակատարում է ջրամբարաշինությունը։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։


«Այս տարի, երբ կառավարությունը եկավ խնդրեց Սեւանից լրացուցիչ ջրառ կազմակերպելու համար, ես ասացի, որ պրոբլեմն այն է, որ նախարարությունը խրոնիկ կերպով թերակատարում է ջրամբարաշինությունը։ Էլի մենք նույն վիճակի մեջ ենք։ Դուք հասկանում եք, չէ՞, որ այդ ծրագրերի ձախողումն ուղղակի Սեւանի նկատմամբ ռիսկ է»,- մասնավորապես ասել է պատգամավորը։


Խաչատրյանը հարց ուղղեց ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին, թե նախարարությունը կոնկրետ այս ծրագիրն ինչու է անընդհատ ձախողում։


Ղալեչյանն ի պատասխան նշեց, որ մյուս ծրագրերը  էականորեն տարբերվում են։


«Այն ծրագրերը, որոնք ունեն 2, 3 կամ 4 տարվա կատարման ժամկետ, էապես տարբերվում են այն ծրագրերից ու ֆինանսական պլանավորումից, որոնք այս տարի պետք է ավարտվեն։ Այս տարվա ինն ամիսներին թերակատարման մեջ ընկնող բոլոր ծրագրերն էլ կատարման ընթացքում են, դրանցից մեծ մասը մրցութային գործընթացն անցել են, կան կանխավճարներ»,- մանրամասնեց նա։


Արթուր Խաչատրյանը խնդրեց բացատրել՝ ինչո՞ւ են միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի կատարողականները ներքին ռեսուրսներով իրականացվող ծրագրերի համեմատ ավելի ցածր։


Ղալեչյանն էլ ասաց, որ դրանք մեծամասամբ հողերի իրացման գործընթաց  ունեն, բնապահպանական բարձր ռիսկեր եւ միջազգային երկակի հաստատման գործընթաց։


«Տիկին Ղալեչյան, դուք որեւէ հարցիս չպատասխանեցիք։ Ես կոնկրետ հարց տվեցի ջրամբարաշինության վերաբերյալ, այդ ծրագրերն ինչո՞ւ են անընդհատ ձախողվում։ Ջրամբարաշինության կատարողականը 33 տոկոս է, որին դուք անընդհատ խուսափում եք պատասխանել։ Հիմա ասում եք՝ դեռ կարող է ծրագիրն էլ ավարտված չէ, կանխավճար ենք տվել։ Հանկարծ չլինի, որ Սնուփ Դոգի օրը ընկնենք, փողը տանք, Սնուփ Դոգը չերգի»,- ասաց Խաչատրյանը։