Եմենի ափերի մոտ առգրավվել է իսրայելցի գործարարին պատկանող բեռնանավ. անձնակազմում կան նաև Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ
Ադենի ծոցում անհայտ անձինք առգրավել են Zodiac Maritime ընկերության բեռնանավը, որը մտնում է իսրայելցի գործարար Էյալ Օֆերին պատկանող Zodiac Group-ի մեջ, հայտնում են Associated Press-ը և The Times of Israel-ը։
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը AP-ին հաստատել է, որ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ զինվորականները տեղյակ են տեղի ունեցածի մասին և վերահսկում են իրավիճակը։ Միևնույն ժամանակ, մասնավոր անվտանգության Ambrey ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը «նավերին խնդրել են հեռու մնալ տարածքից»:
Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ով է գրավել նավը, քանի որ խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել։
Zodiac-ը չի բացառում, որ տեղի ունեցածը կարող է լինել ծովահենության դեպք։ Ընկերությունն ընդգծել է նաև, որ այժմ առաջնայինը բեռնանավի անձնակազմի անվտանգությունն է: Նավի անձնակազմը բաղկացած է Թուրքիայի, Ռուսաստանի, Վիետնամի, Բուլղարիայի, Հնդկաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներից։
AP-ն նշում է, որ նոյեմբերին Իսրայելի հետ կապված նավերն արդեն երկու անգամ հարձակման են ենթարկվել։ Ավելի վաղ եմենական «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել էր, որ հարձակվելու է իսրայելական ընկերություններին պատկանող ցանկացած նավի վրա: Նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ առևանգվել է իսրայելցի բիզնեսմենի հետ կապվող Galaxy Leader բեռնանավը։ Նոյեմբերի 25-ին AP-ն, վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրը, հայտնել է, որ Իսրայելի հետ կապված մեկ այլ նավի վրա անօդաչու թռչող սարք է կիրառվել: