Քարոզչության համար բերված համազգեստ․ Գեղամ Մանուկյանը ԶՈւ նոր համազգեստի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարության մեջ նշել է.
«Այս տարվա Մայիսի 28-ին նախընտրական զորահանդեսի տրամաբանությամբ մեկ էլ հայտարարվեց, որ զորահանդեսում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներկայանում են նոր հանդերձանքով։ Իրականում զորահանդեսի ժամանակ մեր Զինված ուժերի զինծառայողները նոր հանդերձանքով էին։ Բայց այդ ժամանակ էլ շատերին հստակ էր, որ դեռ հունվարին Պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ փորձնական մի քանի հազար ձեռք Միացյալ Նահանգներից հանդերձանք է բերվել՝ փորձարկման համար, և այդ փորձարկվող հանդերձանքը Մայիսի 28-ին ընտրությունների նախօրյակին ներկայացվեց իբրև նոր հանդերձանք»։
Պատգամավորը նաև հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք փաստում են, որ ԳՇ պետն ու նրա տեղակալը կրում են նոր հանդերձանքը, մինչդեռ զինծառայողները՝ հինը։
«Մեկ այլ պատկեր, սա էլ Անգլիայի, իբր թե գնացել են Հայաստանի Հանրապետության սպաները վերապատրաստման։ Երբ նայում եք դահլիճին, տարբեր հանդերձանքներ են, դեռ ավելին ուսադիրներն են տարբեր, հին հանդերձանքն է իրականում։ 90-ականների սկիզբին, 80-ականների վերջին երիտասարդ տղաների մեջ կաշվե բաճկոնների նկատմամբ առանձնահատուկ սեր կար և դա թանկ էր, և դրա համար շատ հաճախ ինչ-որ առիթով ծնունդի, հարսանիքի գնալուց ընկերը ընկերոջից մեկ օրով կաշվե բաճկոն էր խնդրում։ Հիմա Պաշտպանության նախարարի քարոզչության համար Ամերիկայից բերված մի քանի հազար ձեռք հանդերձանքը դարձել է այդ կաշվե բաճկոնը։ Վերջին օրերին էլ զինված ուժերի, բանակի, զինուժ ծրագրով, երբ որ տեսանյութ են պատրաստում, անպայման զինծառայողները կրում են նոր հանդերձանքը, բայց բոլորին էլ հստակ է, որ հաջորդ օրը շարունակում ենք կրել այլևս նորից ու նորից հին հանդերձանքը»,- ընդգծել է Մանուկյանը։