ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես պետք է շատ ուշադիր լինեմ այսօրինակ հարցերին արձագանքելիս. Փաշինյանը պատասխանում է արցախցու հարցին
Փաշինյանին հարց էր ուղղել նաև արցախցի Սնեժանա Թամրազյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է։ Նա Արցախից բռնի տեղահանվելուց հետո Սյունիքի մարզի Կապան քաղաքում է ապրում և աշխատանքի համար դիմել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Փորձաշրջան է անցել, բայց թղթերը հանձնելուց հետո ՀՀ քաղաքացի չլինելու պատճառով խնդիր է առաջացել։ Թամրազյանը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն նշել են, որ մինչև 90 օր պետք է սպասի, իսկ իրեն անհրաժեշտ է հնարավորինս արագ աշխատանք ունենալ։ Նա Փաշինյանին հարցրեց, թե ինչ կարելի է անել, որպեսզի մինչև այդ գործընթացի ավարտը նույն խնդրի առաջ կանգնած արցախցիները ժամանակավոր պայմանագրային հիմունքով կարողանան աշխատել կամ ավելի արագ ստանան քաղաքացիություն։
«Մենք կարող ենք առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել այն բռնի տեղահանվածների նկատմամբ, որոնք արդեն իսկ դիմել են հանրային ծառայության պաշտոններում աշխատանքի անցնելու համար։ Որովհետև բացի հանրային ծառայողներից, այլ պաշտոններում աշխատելու համար ՀՀ քաղաքացիության անհրաժեշտություն չկա։ Կհանձնանարեմ, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների գործերն ավելի արագ քննարկվեն։ Ես պետք է շատ ուշադիր լինեմ այսօրինակ հարցերին արձագանքելիս, այդ թվում՝ մեր երկրի ժողովրդավարական էությունը և միջազգային ասպարեզում համարումը չվնասելու համար»,– պատասխանեց ՀՀ վարչապետը։