ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուբլինում զինված տղամարդը դանակով հարձակվել է մանկահասակ երեխաների վրա. սկսվել են անկարգություններ
Դուբլինում երեկ երեկոյան հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորվել է անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետևանքով, հայտնում է տեղի ոստիկանությունը։ Միջադեպից հետո Իռլանդիայի մայրաքաղաքում անկարգություններ են սկսվել։
Նշվում է, որ Միջադեպի ականատեսները կարողացել են զինաթափել հարձակվողին, ով նախնական տեղեկություններով ալժիրցի ներգաղթյալ է: Նա գործել է միայնակ, նրա գործողությունների դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Տուժածները տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ։ Ծանր վնասվածքներ են ստացել հինգամյա աղջիկը, 30-ամյա կինը և ինքը՝ 50-ամյա ագրեսորը։ Հինգ տարեկան տղան և վեցամյա աղջիկը թեթև վնասվածքներ են ստացել, իսկ առաջինն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Ըստ ԶԼՄ-ների՝ դեպքի վայրում հավաքվել են ցուցարարներ։ Իռլանդիայի մայրաքաղաքի ամենահայտնի փողոցներից մեկում՝ Օ'Քոնել փողոցում ցուցարարները թալանել են մի քանի խանութներ: Ցուցարարները հարձակվել են մի քանի ոստիկանների վրա, այրել իրավապահների մեքենան և վնասել այլ մեքենաներ։ Առնվազն մեկ ոստիկան վիրավորվել է։ Արձանագրվել է նաև քաղաքային ավտոբուսի հրկիզման դեպք։ Մինչ քաղաքի կենտրոնական հատվածը փակ է մնում հանրության համար, դեպքի վայր են ժամանել լրացուցիչ ոստիկաններ։
Դուբլինի ոստիկանության կոմիսար Դրյու Հարիսը անկարգությունների հեղինակներին անվանել է խելագարված ծայրահեղ աջեր և հորդորել է նրանց գնալ տուն, որ ոստիկանությունը կարողանա խաղաղ պայմաններում հետաքննել հարձակումը: