Լարված իրավիճակ Արգենտինա-Անգլիա հանդիպման ժամանակ. ինչ են խոսացել Մեսսին և Բելինգեմը
Աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչի Արգենտինա — Անգլիա հանդիպման ժամանակ Լիոնել Մեսսիի և Ջուդ Բելինգեմի միջև միջադեպ է տեղի ունեցել։
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը կամային հաղթանակ է տարել Անգլիայի նկատմամբ՝ 2-1 հաշվով, սակայն խաղն աչքի է ընկել նաև Լիոնել Մեսսիի ու Ջուդ Բելինգեմի միջև գրանցված միջադեպով։
Հանդիպման 55-րդ րոպեին Թոմաս Տուխելի գլխավորած Անգլիայի ընտրանուն առաջ է մղել Էնթոնի Գորդոնը։ Արգենտինացիներին հաջողվել է բեկել հանդիպման ընթացքը. 85-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը հավասարեցրել է հաշիվը, իսկ 92-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի գոլը հաղթանակ է բերել «Ալբիսելեստեին»։
Լարված խաղի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել 39-ամյա Մեսսիի և Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի միջև։ The Touchline պարբերականի փոխանցմամբ՝ նրանց միջև տեղի է ունեցել հետևյալ խոսակցությունը.
— Իմ կողմից խախտում չկար: Սա մրցավարի առաջին որոշումն է մեր օգտին,- ասել է Մեսսին:— Ոչ, ոչ։ Դա խախտում էր,- չի համաձայնել Բելինգեմը:— Առաջին որոշումը մեր օգտին,- կրկնել է արգենտինացիների ավագը:— Ոչ, ոչ։
Դրանից հետո Բելինգեմը սկսել է համառորեն և ուշադիր նայել Մեսսիին, ինչին վերջինս արձագանքել է.
— Ի՞նչ ես նայում:
Անգլիացին հեռացել է՝ ոչինչ չպատասխանելով:
— Լա՛վ, լա՛վ,- ակտիվ ժեստեր անելով եզրափակել է Մեսսիին:
Խաղի ավարտից հետո Ջուդ Բելինգեմը պարզաբանել է իրավիճակը՝ նշելով, որ իրականում լուրջ ոչինչ չի պատահել և հորդորել է չուռճացնել թեման։
«Մենք պարզապես քննարկում էինք խախտումը։ Համոզված եմ, որ մարդիկ կուռճացնեն այս դրվագը և սրանից մեծ խնդիր կսարքեն, բայց իրականում ոչ մի լուրջ բան չի եղել։ Ինձ թվաց, որ մինչ այդ դրվագը խախտում կար, իսկ նա հարցրեց. «Իսկ ի՞նչ կասես իմ նկատմամբ կանոնների խախտման մասին»: Ես էլ պատասխանեցի. «Դու բավականաչափ ուժեղ ես դրան դիմանալու համար»»,- Բելինգեմի խոսքերը մեջբերում է Yahoo-ն:
Անգլիացի կիսապաշտպանը նաև հայտնել է իր հարգանքը Մեսսիի հանդեպ. «Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Մեսսիի դեմ: Նրա դեմ ոչ մի անձնական բան չունեմ։ Իհարկե, ես պարտվել եմ, ինչը շատ հիասթափեցնող է, բայց նրան դիմակայելն ինձ համար մեծ պատիվ է»: