Քաղաքականություն

Հայաստանը սկսում է ԱՄՆ-ի հետ TRIPP ռազմավարական ծրագրի շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը

Հայաստանի կառավարությունը մեկնարկել է Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIPP ռազմավարական ծրագրի շուրջ համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։


Նրա խոսքով՝ կառավարության որոշումից հետո համաձայնագիրը կուղարկվի Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար։ Դրական եզրակացության դեպքում փաստաթուղթը կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման։


Միրզոյանը հիշեցրեց, որ շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է 2026 թվականի մայիսի 26-ին՝ իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից, իսկ վերջնական ստորագրումները տեղի են ունեցել հունիսի 1-ին և 4-ին՝ Վաշինգտոնում և Երևանում։ Նախարարի խոսքով՝ նման ոչ միաժամանակյա ստորագրումները միջազգային ընդունված պրակտիկա են։


Նա ընդգծեց, որ համաձայնագիրը հիմնված է ավելի վաղ ստորագրված երկու կարևոր փաստաթղթերի վրա՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրի և 2026 թվականի հունվարի 13-ի TRIPP-ի իրականացման շրջանակի վերաբերյալ փաստաթղթի։ Ըստ նախարարի՝ նոր համաձայնագիրը լիովին համահունչ է այդ փաստաթղթերին և մանրամասնում է արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները՝ բացառելով նախկինում հնչած շահարկումները։


Միրզոյանի խոսքով՝ TRIPP-ի ձևավորման գործընթացն ամբողջացնելու համար դեռ պետք է մշակվեն ևս երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի համաձայնագիրը և TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը, որոնց վրա այժմ աշխատանքներ են ընթանում։


Արտգործնախարարը նշեց, որ համաձայնագրի նպատակն է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության միջոցով նպաստել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների, տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։


Միրզոյանը նաև շեշտեց, որ համաձայնագրի բոլոր դրույթներն ու դրա իրականացումը հիմնված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգանքի վրա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250