ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի ողջ տարածքում բողոքի ակցիաներ են սկսվել
Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել՝ ի պաշտպանություն պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի, որի սպասվող հրաժարականի մասին տեղեկություններ էին տարածվել նախօրեին։
Ուկրաինայի մայրաքաղաքում ցուցարարները հավաքվել են Իվան Ֆրանկոյի անվան հրապարակում։ Այս ակցիայի մասին հայտարարել էր վետերան ու նախկին մարտական բժիշկ Դմիտրի Կոզյատինսկին։ Հավաքվածները պաստառներով վանկարկել են «Վերադարձրե՛ք Ֆյոդորովին», «Ամո՛թ», «Սիրսկի՛, հրաժարական տուր» կարգախոսները։
Բողոքի ալիք է բարձրացել նաև Իվանո-Ֆրանկովսկում, Վինիցայում, Լուցկում, Խմելնիցկիում, Լվովում, Ուժգորոդում, Դնեպրում, Տերնոպոլում և Օդեսայում։
Նախարարի սպասվող հեռացման ֆոնին Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Պավել Ելիզարովը պաշտոնից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել՝ իր որոշումը ուղղակիորեն կապելով պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնանկության հետ. «Ցավոք, պատերազմի հինգերորդ տարում ես Ուկրաինայի զինված ուժերից զորացրվելու զեկուցագիր գրեցի։ Կարծում եմ՝ Միխայիլ Ֆյոդորովի պաշտոնանկությունը մեծ չարիք է երկրի պաշտպանական ներուժի համար։ Փա՛ռք Ուկրաինային»։
Ելիզարովին ՈւԶՈւ Ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնում այս տարվա հունվարին նշանակել էր հենց Ֆյոդորովը։
Միխայիլ Ֆյոդորովը պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել էր 2026 թվականի հունվարին։ Թեև նրա հրաժարականի մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա, նախարարը փաստացի հաստատել է լուրը՝ սոցցանցերում գրելով. «Մեծ պատիվ էր պաշտպանության նախարարի պաշտոնում ծառայել ուկրաինացի ժողովրդին»։
Այս հրաժարականը տեղի է ունենում Ուկրաինայի կառավարությունում ընթացող կադրային փոփոխությունների շրջանակում։ Հուլիսի 14-ին Գերագույն ռադան ընդունել էր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականը։ Սպասվում է, որ նախարարների կաբինետի նոր կազմը կհայտարարվի հինգշաբթի՝ հուլիսի 16-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել «Նաֆտոգազ»-ի ղեկավար Սերգեյ Կորեցկու թեկնածությունը։