Նույնիսկ հայերն իրենք իրենց այդքան լավ չեն ճանաչում․ Փաշինյանը՝ ռուս բլոգերների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ պատասխանելով Բելգիայում բնակվող մեր հայրենակիցներից մեկի հարցին, որը վերաբերում էր ռուսաց լեզվի և մշակույթի ազդեցությանը մեր երկրում, ասաց․«Չի կարելի հերքել ռուսական մշակույթի ահռելի ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա»։


«Կարելի է ամենատարբեր քաղաքական վերաբերմունք ունենալ ՌԴ-ի նկատմամբ, բայց որևէ կերպ հնարավոր չեմ համարում հերքելը ռուսական մշակույթի ահռելի, հսկայական դերն ընդհանրապես ժամանակակից աշխարհի և քաղաքակրթության վրա»,- նշեց Փաշինյանը։


Ըստ Փաշինյանի՝ իհարկե, կարելի է սեփական կարծիքն ունենալ և կասկածի տակ դնել ամեն ինչ։ Բայց նաև լեգիտիմ չէ կասկածի տակ դնել, օրինակ, Տոլստոյի, Չայկովսկու, Շոստակովիչի, մշակույթի, քաղաքականության, գիտության ոլորտներում տասնյակ, հարյուրավոր անունների ունեցած մեծ դերը։


Փաշինյանը հիշեցրեց իր մեկ այլ հայտարարության մասին, որ նա Հայաստանում այլ պաշտոնական լեզու հայերենից բացի չի պատկերացնում։


Բայց վարչապետը նաև կոչ է անում բոլոր դպրոցականներին, երիտասարդներին հնարավորինս շատ օտար լեզուներ սովորել, այդ թվում՝ ռուսերեն։ 

Ինչ վերաբերում է Ռուսաստանից ժամանածներին, ապա, ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում շատ ուրախ են նրանց ներկայությամբ։


«Այստեղ եկած մարդիկ բլոգեր են անում և կիսվում Հայաստանի մասին իրենց տպավորություններով։ Ես նայեցի մի քանի նման նյութեր: Եվ ես համապատասխան հանձնարարություն եմ տվել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին ուսումնասիրել այդ մարդկանց տպավորությունները»,- ասաց վարչապետը։

Վերջինիս խոսքով՝ նույնիսկ հայերն իրենք իրենց այդքան լավ չեն ճանաչում։ Ռուսներն էլ նկատում են այն, ինչը հայերին սովորական ու ծանոթ է թվում։