Գարեջրի շշեր են կոտրել ասֆալտին և բաց տարածքում միզել․ մանրամասներ՝ Ուելսի երկրպագուներին բերման ենթարկելու մասին

Նոյեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Ուելսի ֆոտբոլային ակումբի երկրպագուներին հենց այնպես չեն տեղափոխել Ոստիկանության կենտրոնական բաժին։ Այս մասին հայտնում է Shamshyan. com՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ 


Նշվում է, որ ծառայության ժամանակ պարեկներն ու ոստիկանները նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, գոռում-գոչում են, բայց սկզբում պարեկներն ու ոստիկանները զերծ են մնացել գործողություններ կատարելուց, քանի որ աշխարհում ընդունված է նաև նման ձևով երկրպագել իրենց թիմին։



Սակայն հետո նկատել են, որ այդ անձինք գարեջրի շշեր են կոտրում ասֆալտին, մի քանիսն էլ ակնհայտ բաց տարածքում միզում են, ինչից հետո պարեկներն ու ոստիկանները ստիպված, հասարակական կարգը պահպանելու նպատակով նրանց տեղափոխել են Ոստիկանության կենտրոնական բաժին։


Տեղեկատվությունը ճշտելու նպատակով Auroranews-ը կապ հաստատեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, ով նշեց, որ այդ մասով ոստիկանությունն արդեն հաղորդագրություն է տարածել։


Հիշեցնենք ավելի վաղ հայտնել էինք, որ 16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական կոմիտե: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Ըստ ոստիկանության՝ ևս 16 անձ էլ ձերբակալվել է: Նրանց ազատ են արձակել:


Ինչպես հայտնել էինք՝ բրիտանական ֆուտբոլի հավաքականի 32 ուելսցի ֆուտբոլասեր ձերբակալվել են Երևանում կայացած Եվրոպայի 2024 թվականի առաջնության (Եվրո 2024) ընտրական խաղից առաջ։



Քաղաքականություն