
Արտագաղթի երևույթներ չկան. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան ՀՀ–ում։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գոհունակությամբ է պետք արձանագրել, որ բռնի տեղահանվածների հոսք որպես այդպիսին չկա, այսինքն` արտագաղթի երևույթներ չկան։ Առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի հարազատների հրավերով մեկնում էին, ապա վերադառնում»,– նշեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ իրավիճակը այդ առումով կայունացել է։ Կառավարության ղեկավարը դա կարևոր ազդակ համարեց իրենց կողմից իրականացվող քաղաքականության արդյունքները գնահատելու առումով։
«Թող իմ խոսքերը չմեկնաբանվի այնպես, թե մենք ամբողջութամբ լուծել ենք այդ մարդկանց խնդիրները։ Ինչ-որ իքս պահից ԼՂ-ից բռնի տեղահանվածների ու հայաստանցիների նկատմամբ իրականացվող մեր քաղաքականությունները պետք է դառնան նույնական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։