Հեծանվորդն իր ծննդյան օրը մահացու վրաերթի է ենթարկվել

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Ա.-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մանազար Մ-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Դեպքի վայր են ժամանել մահացածի հարազատները, ովքեր փնտրել են վարորդին, սակայն իրավապահների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ վարորդին մեկուսացնել դեպքի վայրից:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և ջարդոնի վերածված հեծանիվը տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր հեծանվորդի ծննդյան օրն էր:

Պատահարներ