Իրաքի զինված խմբավորումները հարձակվել են ԱՄՆ բազայի վրա

Իրաքի զինված խմբավորումները հայտարարել են, որ հարձակվել են Սիրիայի հարավ-արևելքում գտնվող Ալ-Քարյա Ալ-Խադրա շրջանում գտնվող ամերիկյան բազայի վրա: Այս մասին հայտնել է սիրիական Sham FM ռադիոկայանը՝ վկայակոչելով «Իրաքի իսլամական դիմադրության» ուժերի հայտարարությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Իրաքի իսլամական դիմադրության ուժերը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքի միջոցով հարված են հասցրել Սիրիայի Ալ-Քարյա Ալ-Խադրա շրջանում գտնվող ամերիկյան օկուպացիոն ուժերի բազայի ուղղությամբ: Անօդաչուն ուղիղ հարվածներով խոցել է թիրախը»,- փոխանցում է ռադիոկայանը։ 


Այսօր գիշերը իրաքյան Դիմադրության ուժերը, որոնց մեջ մտնում են շիա զինված կազմավորումները, հայտարարել են նաև Սիրիայի արևելքում ամերիկյան «Գրին Վիլաջ» ռազմակայանի վրա հարձակման մասին:


Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ Սիրիայի արևելքում և հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան երկու «Աշ-Շադդադի» և «Կոնիկո» ռազմակայանները նույնպես հարձակման են ենթարկվել: «Կոնիկո» ռազմաբազայի ուղղությամբ հարվածների հետևանքով ամերիկացի զինվորականներ են զոհվել, հայտնում է հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին: Ինչպես նշում են հեռուստաալիքի աղբյուրները՝ հարձակումը պատասխան է դարձել Արևելյան Սիրիայում երկու օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածներին:


ԱՄՆ-ի զինված ուժերը Սիրիայի տարածքում ունեն 24 ռազմաբազա և 4 կետ։  Սիրիայում ամերիկյան ռազմակայանները բազմիցս հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ:


ԱՄՆ զինված ուժերն անօրինական կերպով վերահսկում են Սիրիայի արևելքում և հյուսիս-արևելքում գտնվող Դեյր էզ Զոր, էլ Հասեկե և Ռաքքա նահանգներում գտնվող տարածքները, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը: Պաշտոնական Դամասկոսն իր տարածքում ամերիկյան զինվորականների ներկայությունն անվանել է օկուպացիա և պետական ծովահենություն՝ նավթի բացահայտ գողության նպատակով:

Քաղաքականություն