Գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին. մանրամասներ
Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակն «Ազատությանը» փոխանցել է, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները։
Այդ տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) միջոցով։ Միջազգային դատարանը Հայաստանի խնդրանքով դիմել է Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ-ին։
Թե արդյոք 16 գերիները խոշտանգվել են, արդյոք նրանց իրավունքները պաշտպանվում են, առողջական խնդիրներ ունեն, թե ոչ՝ այս հարցերի շուրջ տեղեկություններ դեռևս չեն տրամադրվում։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանն ասել է, որ այժմ առարկությունների փուլն է։ Այսինքն, եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյաների հիման մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, ապա առարակությունները կներկայացնի միջազգային դատարանին։
Գերիների ընտանիքների անդամները լրատվականի հետ զրույցում հաստատել են՝ կառավարությունն իրենց է փոխանցել տվյալներ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հարազատների վերաբերյալ։ Սակայն նրանք խուսափեցին ասել՝ արդյոք մտահոգիչ տեղեկություններ ստացել են նրանց պահման պայմանների կամ առողջական վիճակի վերաբերյալ։
Հարազատները մտավախություն ունեն, որ իրենց ցանկացած խոսք կարող է վնասել բանտերում պահվող անձանց։ Նրանք միայն տեղեկացրեցին, որ Կարմիր Խաչը վերջապես տեսակցել է իրենց հարազատներին և բանավոր փոխանցել նրանց կարիքների մասին տեղեկություն: Ոմանք տաք հագուստ են խնդրել, ոմանք՝ ծխախոտ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից հաստատեցին՝ անցած ամիս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 անդամներին տեսակցելուց հետո, այս ամիս տեսակցել են սեպտեմբերի 19-ին և հետո գերեվարված այլ անձանց:
Նմանատիպ հոդվածներ
Վագիֆ Խաչատրյանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Լեռնային Ղարաբաղի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնու...
Նոյեմբերի 1-ից «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագիրը նոր պայմաններով կտրվի
Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիների մի մասը նոյեմբերի 1-ից այլևս «40 000+10 000»...
Ինչու՞ է «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները դեղին գույն ներկված. պարզաբանում են Մետրոպոլիտենից
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները կիսով չափ վառ դեղին գույնով են ներկել, ինչը հարուցել...
ԿԽՄԿ-ն օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մարդասիրական օգնություն է տրամադրում այն մարդկանց, որոնք մնացել են հայաբնակ Արցախո...