Պատերազմը փակուղի է մտել. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին The Economist-ի բրիտանական հրատարակության համար իր հոդվածում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական հակամարտությունը «մտել է փակուղի», և չպետք է ճակատում երկու կողմից ակնկալել բեկումներ, գրում է Kommersant.ru–ն:
 

«Խորը և գեղեցիկ բեկում, ըստ երևույթին, տեղի չի ունենա»,- կարծում է ուկրաինացի ռազմական գործիչը։ Նա խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը լիովին չի արդարացրել իր սպասելիքները, սակայն հայտարարել է, որ նաև ռուսական կողմը հաջողություններ չի գրանցել մարտի դաշտում։
 

Միաժամանակ Վալերի Զալուժնին հավելել է, որ Ուկրաինայի Զինված ուժերի իրավիճակը միայն կարող է փրկել կտրուկ տեխնոլոգիական թռիչքը։ «Պարզ փաստն այն է, որ մենք տեսնում ենք այն ամենը, ինչ անում է թշնամին, և նրանք տեսնում են այն ամենը, ինչ մենք անում ենք: Այս փակուղուց դուրս գալու համար մեզ նոր բան է պետք»,- պարզաբանել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Զալուժնին պարզաբանել է, որ իր համար դժվար է գնահատել ռազմական գործողությունների հնարավոր ընթացքը, եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի։

 

Ըստ Վալերի Զալուժնիի՝ Ուկրաինայում հակամարտությունն այժմ տեղափոխվում է «դիրքային փուլ», ինչը բացասական ազդանշան է Ուկրաինայի համար։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը կարծում է, որ երկրի իշխանություններն անխուսափելիորեն ստիպված կլինեն «ընդլայնել քաղաքացիների կատեգորիաները, որոնք կարող են զորակոչվել վերապատրաստման կամ մոբիլիզացիայի»։ Նա նաև կարևոր գործոն է անվանել «Ռուսաստանի գերակայությունը ավիացիայի և ռադիոէլեկտրոնային պատերազմում»: