ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատանդները պատմել են՝ ինչպես են վերաբերվել իրենց հետ ՀԱՄԱՍ-ի զինյալները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից երեկ գիշերը16 օր պատանդ պահվելուց հետո ազատ արձակված տարեց կինը հայտարարել է, որ խաղաղություն է ցանկանում իրեն գերի վերցրածներին՝ չնայած այս օրերի ընթացքում «դժոխքի միջով» անցնելուն:

Նախօրեին 85-ամյա Յոչևեդ Լիֆշիցը և 79-ամյա Նուրիտ Կուպերը Գազայի Ռաֆահ անցակետում ՀԱՄԱՍ-ի սևազգեստ դիմակավորված զինյալների կողմից հանձնվել են Կարմիր Խաչին, հայտնում է Daily Mail-ը:

Հատկանշական է, որ հեռանալիս Յոչևեդը ստեղմել է զինյալներից մեկի ձեռքն ու ասել՝ շալոմ: Այն հարցին, թե ինչու է նա սեղմել ՀԱՄԱՍ-ի զինյալի ձեռքը, իսրայելցի կինը պատասխանել է. «Որովհետև նրանք մեզ շատ լավ էին վերաբերվում»:

Կնոջ դուստրը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Շերոն Լիֆշիցը, մոր անունից պատմել է. «Մայրիկս ասում է, որ նրանք շատ լավ և զգույշ են եղել իրենց հետ և հոգացել են նրանց բոլոր կարիքները»։

 

Յոչևեդի պատմելով՝ միայն կանանց պարագայում չէ, որ ՀԱՄԱՍ-ի անդամները խնամքով են վերաբերվել պատանդներին: «Տղամարդկանցից մեկը ճանապարհին մոտոցիկլետով վթարի հետևանքով ծանր վիրավորվել էր, նրան օգնություն են ցուցաբերել բուժաշխատողները։ Նրան մաքուր վայրում էին պահում, շատ էին մտահոգվում նրա համար», - պատմել է կինը։

 

Ե՛վ Յոչևեդը, և՛ Նուրիտը առևանգվել են Կիբուց Նիր Օզ համայնքի իրենց տներից հոկտեմբերի 7-ի անակնկալ հարձակման ժամանակ, մինչդեռ նրանց ամուսինները մնում են Գազայում որպես պատանդ:

Աղջիկը պատմել է, որ իր մորը Գազա են տարել ստորգետնյա թունելներով: «Գետնի տակ թունելների հսկայական ցանց կա, այն կարծես սարդոստայն լիներ», - ասել է նա։

 

«Երբ նրանք տեղ են հասել, մտել են մեծ սրահ, որտեղ հավաքված էր մոտ 25 պատանդ։ Երկու-երեք ժամ հետո նրանցից հինգին տարել են առանձին սենյակ։ Մայրս պատմել է, որ իրենց հետ շատ բարյացակամ են եղել, խնամել են, դեղ են տվել։ Նրանք տվել են պիտա հաց, պանիր: Դա նրանց կերակուրն էր ամբողջ օրվա համար», - հավելել է աղջիկը։

 

ՀԱՄԱՍ-ը հրապարակել է կադրեր՝ գերությունից ազատված Նուրիտ Կուպերի և Յոչևեդա Լիֆշիցի հանձնումից։

 

Ավելի վաղ հայտնել էին երկու պատանդների վերադարձի մասին։ Ինչպես հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները, ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված երկու կանայք ժամանել են Ռաֆահ անցակետ, նրանք ազատ են արձակվել Եգիպտոսի ջանքերով։

 

 

Քաղաքականություն