Որ ոլորտներում «Հյուսիս-հարավ» ճանապարհը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ. նշում է Սանոսյանը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության միջև կնքվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 4–րդ տրանշի շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք ճանապարհի կառուցման պայմանագիր։

 

Ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ «Հյուսիս–հարավ» ճանապարհը հասնում է հարավ։ 

 

«Այսօր բոլորս միասին սկիզբ կդնենք «Հյուսիս–հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին։ Եվ ինչպես երբեմն մեր խոսակցության մեջ նշում ենք` բարդ բավական ճանապարհ, փուլեր անցնելուց հետո վերջապես «Հյուսիս–հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ»,–նշեց Սանոսյանը: 

 

Սանոսյանը հավելեց, որ հայ և իրանական ժողովուրդները հազարամյակների բարեկամական հարաբերություններ ունեն և դրա ֆոնին կարևոր է նաև երկկողմ տնտեսական, ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցությունը։

 

«Այս ծրագրի մեկնարկը ոչ միայն լավ առիթ է ֆիքսելու մեր միջև համագործակցության բարձր մակարդակը, այլ նաև կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ճանապարհաշինության, դպրոցաշինության, ջրամբարաշինության և ընդհանրապես ենթակառուցվածքային տարբեր ծրագրերում մեր համագործակցության ավելի խորացմանը` իրանական ընկերությունների ներգրավման առումով»,–ընդգծեց նախարարը։