
ԱՄՆ հետախուզությունը կասկածի տակ է դրել Իրանի մասնակցությունը Իսրայելի վրա ՀԱՄԱՍ–ի հարձակմանը. NYT

ԱՄՆ-ի կողմից հավաքագրված հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ «Իրանի հիմնական առաջնորդները զարմացած են եղել» ՀԱՄԱՍ-ի հարձակումից Իսրայելի վրա: Սա Սպիտակ տանը կասկածի տակ է դրել հարձակումը ծրագրելու մեջ Իրանի մասնակցությունը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով մի քանի ամերիկացի պաշտոնյաների։
NYT-ի զրուցակիցները չեն նշում «իրանական առանցքային առաջնորդների» անունները, սակայն պարզաբանում են, որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք սովորաբար տեղյակ են «Quds Force»-ի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ռազմական ճյուղի հետ կապված գործողությունների մասին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաներն օգոստոսից աշխատում են ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ՝ օդային, ցամաքային և ծովային ներխուժումներ ծրագրելու համար, իսկ Իրանի առաջնորդները կանաչ լույս են տվել պաղեստինցի զինյալներին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի և լիբանանյան Հեզբոլլահի բարձրաստիճան անդամներին:
Հոկտեմբերի 10-ին հետախուզական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան Կոնգրեսի անդամներին ասել է, որ հետախուզական տվյալների հավաքագրումը հակասում է այն պնդումներին, որ Իրանը օգնել է ՀԱՄԱՍ-ի հարձակումը պլանավորել, ըստ NYT աղբյուրների: Թերթի աղբյուրներն ասում են, որ ԱՄՆ-ն կանոնավոր կերպով վերահսկում է «Quds Force»-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հանդիպումները, սակայն հետախուզական ապացույցներ չկան, որ այդ հանդիպումներում քննարկվել է Իսրայելի վրա հարձակումը։ Սակայն նրանք չեն բացառում, որ կարող են լինել այլ գաղտնի հանդիպումներ, որոնց մասին հետախուզությունը ոչինչ չգիտի։
Ըստ NYT-ի զրուցակիցների, հետախուզությունը շարունակում է հետաքննությունը և չի բացառում, որ կարող են հայտնաբերվել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը Իրանի անմիջական մասնակցության ապացույցներ: