Ավելի քան 30 000 արցախցի երեխայի հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ․ ՅՈւՆԻՍԵՖ
Ավելի քան 30 000 երեխայի (որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից ռազմական գործողությունների պատճառով) հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ, եթե նրանքմնան առանց անհապաղ աջակցության: Այս մասին նախազգուշացրել է ՅՈւՆԻՍԵՖ–ը` անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված երեխաների հոգեվիճակին ու ապրումներին։
«Գորիսում ՅՈւՆԻՍԵՖ–ի սոցիալական աշխատողները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը»,– նշված է կազմակերպության հայտարարության մեջ:
Բացի այդ, ՅՈւՆԻՍԵՖ–ից նշում են, որ այս երեխաները շարունակաբար բաց են թողել դասերը և ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում, և ինչպես պատմում են ընտանիքները` նոր հարձակումների վախի պարբերական զգացումով:
«Մենք հիմա տեսնում ենք, թե որքան շատ են տուժել այս երեխաները: Տեղահանումները և ռազմական գործողությունները, որոնք զուգորդվել են զրկանքներով, մեծապես ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա»,– ահազանգում է ՅՈւՆԻՍԵՖ–ը:
Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով ՅՈւՆԻՍԵՖ–ը նաև բոլոր երկրներին կոչ է անում ներդրումներ կատարել հոգեկան առողջության և երեխաների հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ:
Կազմակերպությունից տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ ձևավորել են շարժական մանկաբուժական թիմեր, որոնք հնարավորություն կտան ամբողջ երկրում սկրինինգների միջոցով բացահայտել և արձագանքել հոգեկան առողջության կարիքներին:
ՅՈւՆԻՍԵՖ–ը երկրներին նաև կոչ է արել 12,6 մլն դոլար հավաքագրել՝ հետագա վեց ամսվա ընթացքում կրթական, երեխաների պաշտպանության, առողջապահական, սնուցման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100-150...
Իսրայելի հայ համայնքում կորուստ չկա, բայց բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են ապահով վայրեր
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Իսրայելի համայնքնային կառույցների ներկայացուցիչների...
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Իսրայելում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հնարավոր առկայության մասին
Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկությու...