Գեներալը եւ գնդապետները կալանքի տակ են. Քյարամյանը՝ զինվորականների անգործության մասին

Պարզվել են 2021 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզի ուղղությամբ պաշտպանություն իրականացնող բարձրաստիճան սպաների՝ բանակային կորպուսի հրամանատարի եւ զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հանգամանքները, որի հետեւանքով հակառակորդն անարգել, մինչեւ 3.5կմ խորությամբ, մխրճվել է ՀՀ սուվերեն տարածք։ Այս մասին հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
 

Նա նշել է, որ մեղադրանք է ներկայացվել գեներալ-մայորի եւ գնդապետի կոչումներ ունեցող բարձրաստիճան սպաների եւ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
 

«Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ, հատկապես զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն առ այսօր շարունակում են քննությունը` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի, 2021 թվականի նոյեմբերի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում՝ Իշխանասարի եւ Ջերմուկի, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում՝ Ջերմուկի, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի եւ այլ բնակավայրերի ուղղությամբ ագրեսիայի ակտեր իրականացնելու, քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, ՀՀ սուվերեն տարածք մխրճվելու եւ օկուպացնելու դեպքերով։ Քննությամբ հիմնավորվել է, որ միայն սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հակառակորդը խոցել է 150-ից ավել քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի տներ, դպրոցներ, տրանսպորտային միջոցներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ եւ այլն։
 

Քրեական վարույթների շրջանակներում իրականացվել են քննչական եւ վարութային մեծածավալ գործողություններ, այդ թվում՝ զննվել է 100-ից ավելի դեպքի վայր, հարցաքննվել են 4000-ից ավելի վկաներ եւ տուժողներ, նշանակվել են 500-ից ավելի փորձաքննություններ։
 

Քննության առարկա են դարձվել նաեւ՝ ագրեսիայի ակտերի ընթացքում զինվորական ծառայության կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը»,- ասել է Քյարամյանը։

Քաղաքականություն