
Ադրբեջանը գործնականում սկսել է դեպի Նախիջևան տանող միջանցքի ստեղծումը` Իրանի տարածքով. Interfax

Ադրբեջանը գործնականում սկսել է Իրանով դեպի Նախիջևան միջանցքի ստեղծումը, հոկտեմբերի 6-ին Զանգիլանի շրջանի (բռնազավթված Կովսականի շրջան) Աղբանդ գյուղի տարածքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև ճանապարհային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքի հիմնարկեքը, գրում է Interfax-ը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, ստեղծված օբյեկտները կծառայեն երկրների տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների ավելացմանը և կհեշտացնեն մուտքն ու ելքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։
Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։
Շինարարությունն սկսվել է «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու վերաբերյալ»:
Մուստաֆաևի խոսքով՝ Նախիջևանի հետ կապը կհաստատվի Իրանի տարածքով՝ կամուրջներով, որոնք կկառուցվեն Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղի մոտ և Նախիջևանի տարածքում։ Նախապատրաստվել է կամրջի նախագիծը, բացի այդ, աշխատանքներ են տարվել Արազ գետի ափամերձ հատվածի վերականգնման ուղղությամբ, և գետը վերադարձել է հունը, հավելել է փոխվարչապետը։ Բացի մայրուղուց, այս հատվածում նախատեսվում է կառուցել երկաթուղային կամուրջ։ Բոլոր աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում, ընդգծել է նա։
Սպասվում է, որ երբ միջանցքը կառուցվի, պետական սահմանի անցակետով ամեն օր կանցնի 1,1 հազար մեքենա, 30 ավտոբուս և 15 հազար մարդ։