«Իշխանությունն ամեն ինչ անում է Ազատում զինվորների մահվան գործը ծածկադմփոց անելու համար». Նորիկյան
Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորականների մահվան գործը կոծկելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց զոհվածների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նորիկյանի խոսքով ՝ հոկտեմբերի 4-ին Վարդենիսում տեղի կունենա զոհված զինծառայողների գործով նիստ: Քննությունն ավարտվել է օգոստոսի վերջին. ամսի 29-ին քննիչն էլեկտրոնային փոստով ուղարկել է քրեական գործի 22 հատոր (մոտ 300-ական էջ)՝ սկանավորված տեսքով:
«Ընդ որում, իմ միջոցով ծնողներին հայտնել են, որ գործի նյութերին ծանոթանալու համար 3 օր ունեն։ Դրանից հետո նրանք կարող են ներկայացնել միջնորդություններ կամ բողոքներ ՝ դրանց առկայության դեպքում», - ասաց Նորիկյանը։
Օգոստոսի 30-ին փաստաբանը ծնողների հետ հանդիպել է քննիչին և պահանջել համարժեք ժամանակ տրամադրել նյութերին ծանոթանալու համար, որոնց ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 7000 էջ: Քննիչը, սակայն, Նորիկյանի խոսքով, հրաժարվել է։ Դրանից հետո տուժող կողմը միջնորդություն է ուղարկել դատախազություն ՝ քննիչին փոխելու համար։
«Սեպտեմբերի 1-ին ստացվել է դատախազի որոշումը միջնորդությունը մերժելու մասին։ Եվ, ըստ էության, նույն օրը գործն ուղարկվել է դատարան», - ասաց Նորիկյանը։
Նրա խոսքով ՝ դատախազությունն ու նախաքննական մարմինը անհիմն շտապողականություն, անհասկանալի շահագրգռվածություն են ցուցաբերել գործը դատարան ուղարկելու հարցում՝ կոպտորեն խախտելով տուժածների իրավունքները:
«Պետության կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի այդ հանցագործությունը մինչև վերջ չբացահայտվի, չբացահայտվեն մեղավորները, իսկ պաշտոնական վարկածը բյուրեղացվի և մատուցվի հանրությանը», - ասաց Նորիկյանը:
Նա հայտնեց, որ ծնողները չեն բացառել լրացուցիչ ստուգում անցկացնելու միջնորդության հնարավորությունը՝ առաջին հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Բայց նրանք զրկված էին այդ հնարավորությունից։
«Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ այս գործով իրավասու մարմինների կողմից ամեն ինչ արվել է ծածկադմբոց անելու, իրականցվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ճշմարտության բացահայտման ուղղությամբ որևէ իրական քայլ չկատարվի»,-ասաց Նորիկյանը:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ–ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Այրվածքաբանության ազգային կենտրոնում այցելել է Արցախում վառելիքի պայթյունից տու...
Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից առևանգվածներին. նոր գերեվարվածների տվյալները հավաքագրվում են
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին, Լևոն...
ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվեհամարները բացվելու են անվճար. Նազելի Բաղդասարյան
Այս շաբաթվանից սկսվելու է 100-հազարական դրամների բաշխման գործընթացը: Բանկային քարտ չունեցողները պետք է բանկային հաշիվ բա...
Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, ունի սրտի...