Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները քննարկում են պարետային ժամ մտցնելու հարցը․ Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է այս և մի շարք այլ լուրեր

Հայաստանի պետականության դեմ հիբրիդային պատերազմը նոր թափ է ստանում, ինչը մեզանից պահանջում է համախմբում, սթափություն, հետևողականություն ու կամք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 

«Ուստի, հերթով թվում եմ օրվա ֆեյքերը ու կեղծիքները: 

Մարդկանց հույզերի վրա խաղալով՝ տարածեցին հայտնի զինվորական Քյոխի մահվան մասին ֆեյք լուրը: 
Իրականում նա ողջ է, արդեն մի քանի տարի թիկունքում է, ու եթե սպանվեր, կսպանվեր հոկտեմբերի 27-ի հեղինակների, հայտնի դավադիրների կողմից: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընտանիքի անդամներն ունեն Կանադայի քաղաքացիություն: 
Մի շփոթեք ձեր ղեկավարի հետ, ում թոռները ծնվում են ԱՄՆ-ում, որպեսզի դառնան այդ երկրի քաղաքացի: Իրականում վարչապետն ունի բացառապես մի քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության: 

Երևանում բողոքի ակցիաներին մասնակցում է հսկայական բազմություն։ 
Ցերեկվա ժամերին բողոքի ակցիաներին թեժ պահին մասնակցում էր ընդամենը 800-900 քաղաքացի։ 

Մի շարք ուսումնական հաստատություններում դասադուլ է։ 
Հանրապետության ուսումնական հաստատությունները հերքել են այս ֆեյք ցանկերը, այդ դասադուլներն էլ, ցավոք, մեր սիրելի ուսանողների կողմից օգտագործում են դասի չգնալու համար: Գնացեք դասի, որ սրանց նման անգրագետ չդառնաք: 

Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները քննարկում են պարետային ժամ մտցնելու հարցը։ 
Իրականում ձեր անիմաստ շոու շարժումների ամենաթեժ պահերին նույնիսկ պարետային ժամ մտցնելու հարց չի քննարկվել, ինչ մնաց հիմա քննարկվի: 

Հայկական անձնագրերով թուրքերը մուտք են գործել Հայաստան ու առևանգում են երեխաների։ 
Կատարյալ ախմախություն, որը պարբերաբար սրանց կողմից գցվում է շրջանառության մեջ սկսած 2020 թվականից։ 

Հայաստանի սահմանամերձ համայնքի բնակիչները ռուսական հեռախոսահամարներից SMS հաղորդագրություններ և զանգեր են ստանում, որ պետք է տարհանվել, շուտով պատերազմ է սկսվելու։ 
Նոր պատերազմի վտանգ ու տարհանման անհրաժեշտության բացարձակապես չկա։ Միտումը մեկն է՝ խուճապ տարածել, պետության նկատմամբ կորցնել վստահությունը, չդիմադրել: 

Միասին տարածելով այս ստերի բացահայտումը՝ լուրջ զենքից կարող ենք զրկել փնթի միկրոբլոգերների թիմին ու իրենց՝ ոչ պակաս փնթի տերերին: 

Չվախենաք»,-նշել է նա: