
Չեմ համարում, որ դա կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա. ԿԸՀ նախագահը՝ «Հայփոստի» ծանուցումների մասին

Ես չեմ համարում, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Նշվում է, որ ծանուցման գործընթացը կազմակերպում է ՆԳՆ-ն՝ «Հայփոստ» ընկերության միջոցով։
«Ողջ օրը մեր թեժ գծերը քաղաքացիներին անընդհատ իրազեկել են, պարզաբանումներ են տրամադրել, այսինքն՝ այստեղ խնդիր լինել չէր կարող։ Ավելին՝ ԿԸՀ կայքում ինտերակտիվ քարտեզով տեղամասերի հասցեները, ողջ տվյալները տեղադրված են։ ՆԳՆ մեր գործընկերները պետք է որ «Հայփոստից» ստանան ծանուցում, թե քանի ծանուցում չի առաքվել, որպեսզի բյուջեից վճարումը լինի ըստ այդմ»,– նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայփոստ» ընկերությունը Երևանի ավագանու ընտրությունից առաջ ոչ բոլոր ընտրողներին է նամակով ծանուցել քվեարկության օրվա, ընտրատեղամասի համարի ու տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին, մինչդեռ դա Ընտրական օրենսգրքի պահանջ է։