Ինչու Ռուսաստանը դեռ չի շնորհավորել. պարզաբանում է Արման Եղոյանը
Ընտրությունների վերջնական արդյունքների վերջնական ամփոփումից 4 օր է անցել, բայց Ռուսաստանը դեռ չի շնորհավորել։ Լրագրողները ՔՊ պատգամավոր Արման Եղոյանից հետաքրքրվեցին, թե մինչև հիմա ինչու չեն շնորհավորել։
«Դա պետք է ռուսական կողմին հարցնել և իրենց ներկայացուցիչներին, բայց ես կառաջարկեի կենտրոնանալ ոչ թե շնորհավորանքների վրա, այլ երկկողմ հարաբերությունների վրա: Այդ երկկողմ հարաբերություններում կան բազմաթիվ չլուծված հարցեր, և այդ ուղղությամբ մենք պետք է աշխատանք տանենք, ոչ թե կենտրոնանանք շնորհավորել-չշնորհավորելու վրա»,- ասաց նա՝ նշելով, որ դրանք անուղղակիորեն փոխկապակցված են, բայց շնորհավորանքի բացակայությունը չի խանգարում խնդիրների վրա աշխատելուն։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Փաշինյանն ու Պուտինը կհանդիպե՞ն, ապա Եղոյանն ասաց. «Եթե պիտի լինի, ուրեմն պիտի լինի։ Ամեն դեպքում տեղի են ունեցել ընտրություններ, ձևավորվել է իշխանություն, այդտեղ, կարծում եմ, որևէ մեկը կասկած չունի, և որևէ մեկը կասկած չի արտահայտել, թե ըստ ընտրությունների արդյունքների՝ ով է ընտրվել Հայաստանի վարչապետ, որ քաղաքական ուժն է ձևավորում խորհրդարանական մեծամասնություն։ Այդտեղ, կարծում եմ, կասկած որևէ մեկի մոտ չկա, ես ամեն դեպքում չեմ լսել նման կասկած նույնիսկ ընդդիմադիրներից։ Մնացածը արդեն աշխատանքային կարգով կլուծվի»։