
Չինաստանի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից և գտնվում է քննության տակ. ԱՄՆ հետախուզություն

Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն, ով անհետացել է լրատվական դաշտից, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից և գտնվում է քննության տակ։ Նման տվյալներ են եղել ամերիկյան ռազմական հետախուզության տրամադրության տակ, հաղորդում է Financial Times-ը։
Գերատեսչության ղեկավարը մոտ երկու շաբաթ հանրությանը չէր ներկայացել։ Որոշ միջոցառումներից իր բացակայությունը քաղաքական գործիչը բացատրել է վատառողջությամբ, սակայն ԱՄՆ-ում վստահ են, որ ամեն ինչ կապված է Լի Շանֆուի՝ օրենքի հետ ունեցած խնդիրների հետ։
«Սա քաոսի նշան է Պեկինի ռազմական և արտաքին քաղաքական կառույցի էլիտար անդամների շրջանում», - գրել է FT-ն:
Այս քայլը տեղի է ունեցել երկու ամիս անց այն բանից հետո, երբ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պաշտոնանկ արեց Ժողովրդա-ազատագրական բանակի հրթիռային ուժերի երկու գլխավոր գեներալների, որոնք վերահսկում են Չինաստանի հեռահար հրթիռների և միջուկային զենքի արագորեն ընդլայնվող զինանոցը:
Լիի նկատմամբ հնարավոր քննությունը հետևում է նաև Ցին Գանի անհետացմանը, որը հուլիսին հեռացվել էր Չինաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից:
Հետախուզության մասին տեղեկացված մարդիկ չեն ասել, թե ինչն է ստիպել Բայդենի վարչակազմին եզրակացնել, որ Լին քննության տակ է: Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկությունը։ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանություններից։
Ավելի վաղ՝ 2023 թվականի գարնանը Լի Շանֆուն այցելել է Ռուսաստան, որտեղ բանակցություններ է վարել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Մեկնաբանելով հանդիպումը՝ արևմտյան լրատվամիջոցները եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն այդպիսով «միջնամատ» է ցույց տալիս ԱՄՆ-ին։