ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Burning Man» փառատոնի տասնյակ հազարավոր մասնակիցներ անձրևների պատճառով մնացել են Նևադա նահանգի անապատում

«Burning Man» երաժշտության և արվեստի փառատոնի տասնյակ հազարավոր մասնակիցներ հորդառատ անձրևների պատճառով մնացել են ԱՄՆ Նևադա նահանգի անապատում, հայտնում է Reuters-ը։

 

Միջոցառման անցկացման վայր՝ Բլեք Ռոք Սիթի, մուտքը փակ է մինչև միջոցառման ավարտը, ասվում է կազմակերպիչների սոցցանցերում արած հայտարարության մեջ: Այցելուներին խնդրել են խնայել ջուրն ու սնունդը:

 

«Վերջին 24 ժամվա ընթացքում տեղացած անձրևը ստեղծել է մի իրավիճակ, որը պահանջում է ամբողջովին դադարեցնել տրանսպորտային միջոցների երթևեկությունը Փլայայում», - ասվում է ԱՄՆ հողաշինարարության բյուրոյի հայտարարության մեջ, որը կառավարում է այն տարածքը, որտեղ տեղի է ունենում միջոցառումը: «Առաջիկա մի քանի օրերի ընթացքում տեղումների ավելացում է սպասվում, և պայմանները չեն բարելավվի այնքան, որպեսզի տրանսպորտային միջոցները կարողանան մուտք գործել Փլայա»:

 

Կազմակերպիչների գնահատմամբ, Բլեք Ռոք Սիթիում գիշերն ավելի քան կես մատնաչափ անձրև է տեղացել:

 

Համաձայն միջոցառման կայքի, ավելի քան 60,000 մասնակից ամեն տարի ժամանում է  հեռավոր հյուսիսարևմտյան Նևադա՝ հավաքվելով ժամանակավոր քաղաքում՝ արվեստով զբաղվելու, պարելու և շփումից հաճույք ստանալու համար: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ներկայումս Բլեք Ռոք Սիթիում ավելի քան 70,000 մասնակից կա:

 

Փառատոնն իր անունը ստացել է իր գագաթնակետային իրադարձությունից՝  նախավերջին գիշերը փայտե մեծ կառույցի այրումից:

 

Միջոցառումը, որը սկիզբ է առել 1986 թվականին Սան Ֆրանցիսկոյի լողափում, և որին այժմ մասնակցում են նաև հայտնի մարդիկ և սոցիալական ցանցերի ազդեցիկ մարդիկ, նախատեսվում էր անցկացնել օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը:

Պատահարներ